Ժնևի համալսարանը 2024 թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է հիբրիդային դասընթաց-սեմինար՝ «Գլոբալ կառավարում. բանակցությունների արվեստ և գիտություն» թեմայով։
Դասընթաց-սեմինարի տևողությունը մեկ կիսամյակ է (շաբաթական մեկ հանդիպում՝ ժ. 17:00-19:30, դասընթացի լեզուն՝ անգլերեն) և անցկացվելու է առցանց ձևաչափով՝ «Zoom» հարթակով (մասնակիցները դասընթացին առցանց ձևաչափով կմիանան ԵՊՀ մասնաշենքում գտնվող լսարաններից մեկում)։
Դասընթաց-սեմինարի վերջում մասնակից երեք համալսարանների (ԵՊՀ, Մոնրեալի համալսարան, Ցյուրիխի համալսարան) ուսանողները մասնակցելու են ավարտական երկօրյա սեմինարին Ժնևի համալսարանում` ավարտական հավաստագիր ստանալու նպատակով։
Դասընթաց-սեմինարն ունի մասնագիտական հետևյալ ուղղվածությունները՝ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններ, միջազգային բանակցություններ և դիվանագիտական փաստաթղթերի մշակում ու պատրաստում։
Սեմինար-դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների, արևելագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել առցանց՝ amarkarov@ysu.am էլհասցեին:
Դիմում-հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը՝
- ինքնակենսագրական (անգլերեն),
- մոտիվացիոն նամակ՝ առնվազն 500 բառ, առավելագույնը՝ 3 էջ, տառաչափը՝ 12 (անգլերեն),
- հրապարակման նմուշ, եթե առկա է (ցանկացած լեզու),
- վավերական անձնագրի սկան: