ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնը հայտարարում է գերմաներեն էսսեների մրցույթ՝ «Գերմաներեն. լեզու, որը բացում է ապագայի դռները» («Deutsch — eine Sprache, die die Tür zur Zukunft öffnet») վերտառությամբ։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները:
Մրցույթին ներկայացվող էսսեն պետք է շարադրված լինի՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
1․ գերմաներենին տիրապետելու շնորհիվ հաջողություններ գրանցած մարդկանց փորձի մասին պատմություն,
2. վերնագրի և բովանդակության համապատասխանություն,
3. հստակ կառուցվածքի առկայություն՝ ներածություն, հիմնական մաս, տեքստի տրամաբանական բաժանմամբ պարբերություններ, վերջաբան:
4. առավելագույնը՝ 150 բառ:
Էսսեները գնահատվելու են 100 միավորանոց սանդղակով, ըստ որում՝
- կառուցվածքը՝ 10 միավոր,
- գերմաներենի իմացության մակարդակը՝ 40 միավոր (ուղղագրություն, կետադրություն, քերականություն, բառակազմություն, նախադասության կառուցվածք և այլն),
- բովանդակությունը՝ 50 միավոր (ընդհանուր գաղափարը, արդյոք տեքստը համապատասխանում է թեմային, ճի՞շտ է ընտրված վերնագիրը), ինքնատիպությունը (արդյոք մտքերը ստեղծագործական ու ինքնատիպ են), տրամաբանական ամբողջականություն (արդյոք ընդհանուր գաղափարը հասկանալի ու համոզիչ է),
- ոճը. հավելյալ 10 միավոր կտրվի լեզվական յուրահատուկ ոճի համար: Այս համատեքստում հաշվի կառնվի հռետորական և լեզվական միջոցների ճիշտ կիրառումը (փոխանունություններ, բառախաղեր, կրկնություններ, պատկերավորման միջոցներ, հռետորական հարցեր, հեգնանք և այլն):
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել d.philologie@ysu.am կամ gayanesavoyan@ysu.am էլհասցեին։
Էսսեները ներկայացնելու վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 25-ը:
Մրցույթի արդյունքները նախատեսվում է հրապարակել ս․թ․ մարտին:
Մրցանակային առաջին տեղի համար նախատեսվում է 30․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 20․000 ՀՀ դրամ, իսկ 3-րդի համար՝ 10․000 ՀՀ դրամ:
Մասնակիցներին սպասվում են նաև այլ անակնկալներ: