ԵՊՀ տարբերանշանը

Համալսարանի տեսողական ինքնության հիմնական մասնիկն է «սուրանկյուն շրջանի» մեջ գտնվող գերբը (այսուհետ` տարբերանշան): Այս հիմնական մասնիկը օգտագործվում է համալսարանի տեսողական բոլոր նյութերի վրա՝ սկսած այցեքարտից մինչև պաստառներ և կայքէջ:
«Սուրանկյուն շրջանը» հիմնական տարբերակն է և միշտ պարունակում է գերբը, համալսարանի անվանումը՝ հայերենով և անգլերենով:
Կլոր գերբը տեղադրված է «սուրանկյուն շրջանի» շրջանաձև հատվածի մեջտեղում։ Գերբի չափսը սույն շրջանի 80%-ն է։
Գերբից առանձին՝ տարբերանշանի հետ, համատեղվում են գրություններ (համալսարանի անվանումը՝ տարբեր լեզուներով, կայքէջը կամ ֆակուլտետների անվանումները)։

Ուղղահայաց տարբերակում տեքստերն ունենում են աջակողմյան հավասարություն, տառատեսակը` GHEA Grapalat:
Հայերեն տարբերակում ՀԱՄԱԼՍԱՐԱՆ բառի լայնությունը հավասար է տարբերանշանի լայնությանը։ Տեքստի վերին եզրագծի տարածությունը մինչև տարբերանշան հավասար է անվան Ի տառի բարձրությանը։ Անգլերեն տարբերակի մեջ տառաչափը հավասար է վերոնշյալ չափորոշիչով ստեղծված հայերեն տառերի չափսին։
Հորիզոնական տարբերակում եռատող գրության բարձրությունը տարբերանշանի բարձրության կեսն է։ Տառերի տարածությունը տարբերանշանից հավասար է այդ ֆորմայի եզրից մինչև գերբի եզրն ընկած հատվածի տարածությանը։