«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը ԵՊՀ-ում
2023-2024 ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում մեկնարկում է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը նախաձեռնել և ղեկավարելու է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի․գ․թ․ Եղիշե Կիրակոսյանը։
Կրթական ծրագիրը առկա ուսուցմամբ է, տևողությունը՝ 3 կիսամյակ։ Այն հնարավորություն է տալու ուսանողներին ծանոթանալու միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, ստանալու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, հասկանալու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Անգլերենով անցկացվող դասընթացները վարելու են ոլորտում աշխատող փորձառու միջազգային իրավաբաններ ու առաջատար համալսարաններից հրավիրյալ պրոֆեսորներ։
Հունիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու մագիստրոսական նոր կրթական ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում Եղիշե Կիրակոսյանը և ծրագիրը նախաձեռնած կազմակերպչական թիմը ներկայացնելու են առավել մանրամասն տեղեկություններ և պատասխանելու են բոլոր հարցերին։
Շնորհանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով: