Դեղերի որակի վերահսկում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Մասնագիտությունը | Ֆարմացիա |
Կրթական ծրագրի անվանումը | Դեղերի որակի վերահսկում |
Ուսման տևողությունը | Մեկ տարի*, 60 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը | Ֆարմացիայի մագիստրոս |
Ուսումնառության լեզուն | Հայերեն |
Ուսուցման ձևը | Առկա |
Ուսման վարձը | 650 000 ՀՀ դրամ |
* 4 ենթակիսամյակներով: Ենթակիսամյակի տևողությունը 8 շաբաթ է, որն ամփոփվում է քննական շրջանով, իսկ վերջին ենթակիսամյակը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Ծրագիրը կազմված է հիմնական մասնագիտական դասընթացներից և ներառում է մասնագիտական պրակտիկա:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:
1-ին փուլով ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի նույն մասնագիտության (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա (ուսումնական տարիների հաշվարկը սկսվում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի):
1-ին փուլով դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ:
Տվյալ փուլում ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով:
Ընդունելության 2-րդ փուլի դիմում-հայտերն ընդունվում են միայն «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» բակալավրի կրթական ծրագրերի դիմորդներից:
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
2-րդ փուլի ընդունելության քննությունը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
«Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» բակալավրի կրթական ծրագրերից դիմորդների համար ընդունելությունն անցկացվում է հարցազրույցով,
հարակից բակալավրի կրթական ծրագրերից՝ «Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն», դիմորդների համար ընդունելությունն անցկացվում է մասնագիտական բանավոր քննությամբ՝ նախօրոք տրված հարցաշարով:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի հիմնական նպատակներն են պատրաստել դեղանյութերի և դրանց բաղադրիչների կառուցվածքային հետազոտությունների, դեղահումքի և պատրաստի դեղաձևերի որակի հետազոտման ու գնահատման ուղղությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետներ, տրամադրել համակողմանի գիտելիքներ դեղերի որակի հետազոտման ժամանակակից մեթոդների ուղղությամբ, ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով նոր, դեղաբանորեն ակտիվ մոլեկուլների նույնականացման, տարբեր դասերի դեղերի որակի հետազոտման ու գնահատման ուղղությամբ մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
Առավելությունները
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են երեք մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և աշխատասենյակներով:
Լաբորատորիաներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.
ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի գիտահետազոտական կենտրոն
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմակագնոզիայի ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ընդհանուր հիգիենիայի ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի թունաբանական քիմիայի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի արդյունաբերական արտադրության ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի ներդեղատնային պատրաստման ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմատեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի գիտաուսումնական լաբորատորիա
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դասախոսություններ դիդակտիկ նյութերի կիրառմամբ, ինչպես նաև հեռաուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Մագիստրոսական թեզերի կատարման ընթացքում ուսանողները մասնագիտական պրակտիկան անցնում են հետևյալ հաստատություններում` ԵՊՀ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, «Լիկվոր» դեղագործական ընկերություն ՓԲԸ, «Արփիմեդ» դեղագործական ընկերություն, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ և այլն:
Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող մեթոդներն ու սարքավորումները, նկարագրել դրանց աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները,
- նկարագրել բնական, սինթետիկ և կենսատեխնոլոգիական ծագման դեղապատրաստուկների, պրոբիոտիկների և այլ պատրաստուկների ու նրանց ակտիվ բաղադրիչ(ներ)ի իսկության հաստատման որակական և քանակական մեթոդները, որակի գնահատման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի բովանդակությունն ու պահանջները,
- հիմնավորել դեղարտադրության տարբեր փուլերում վերջնական և միջանկյալ արգասիքների որակի վերահսկման առանձնահատկությունները,
- նկարագրել դեղարտադրության որակի կառավարման և ապահովման, ինչպես նաև պատշաճ արտադրական գործունեություն ծավալելու հիմնական պահանջները,
- նկարագրել անալիտիկ մեթոդների վալիդացման հիմնական բնութագրերը,
- նկարագրել դեղերի գործարանային և դեղատնային պատրաստման առանձնահատկություններն ու առանձին դասերի դեղաձևերի ՊԱԳ պահանջները՝ համաձայն արտադրության տեխնոլոգիական սխեմաների ու սարքավորումների,
- նկարագրել դեղերի դեղաբանական հատկություններին, կիրառման անհամատեղելիությանը և կենսամատչելիությանը վերաբերող հիմնախնդիրները,
- ներկայացնել դեղերի մանրէաբանական անալիզի հիմնախնդիրները, նկարագրել կենսաբժշկական նշանակության շտամները, ներառյալ դեղերի դեստրուկտոր մանրէները,
- ներկայացնել միջազգային և ԵԱՏՄ դեղագրքերի կառուցվածքը և դրանց օրենսդրական նշանակությունը։
Գործնական մասնագիտական կարողություններ
- Վերլուծել ֆարմանալիզի դասական և ժամանակակից եղանակները, բացահայտել առավելություններն ու թերությունները, տալ համեմատական գնահատական,
- իրականացնել դեղանյութերի և կենսաբանորեն ակտիվ այլ միացությունների նույնականացում՝ կառուցվածքային հետազոտությունների ժամանակակից անալիտիկական սարքավորումների կիրառմամբ,
- իրականացնել դեղահումքի և պատրաստի դեղերի որակի ուսումնասիրման, հսկման և գնահատման աշխատանքներ՝ ժամանակակից վերլուծական մեթոդների կիրառմամբ,
- գնահատել դեղարտադրության որակի հսկման գործընթացները՝ համաձայն նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև ֆարմակոկինետիկ և քիմիաթունաբանական հետազոտություններում դեղերի ու միջանկյալ արգասիքների որակի հետազոտման ու հսկման կարևորությունը և անհրաժեշտությունը,
- իրականացնել միջանկյալ ու վերջնական արգասիքների և արտադրական թափոնների որակի վերահսկման և քանակական բնութագրման աշխատանքներ,
- դեղատնային պայմաններում վերլուծել և իրականացնել դեղանյութերի և պատրաստի դեղաձևերի որակական և քանակական անալիզի աշխատանքներ,
- վերլուծել և գնահատել դեղագործական շուկայում առկա դեղապատրաստուկների և դրանց բաղադրիչների որակական ցուցանիշները, տալ համեմատական բնութագիր,
- կազմել գործողությունների ստանդարտ ընթացակարգեր,
- օգտվել դեղագիտությանը և բժշկագիտությանը վերաբերող տեղեկատվական աղբյուրներից (համացանց, էլեկտրոնային գրադարաններ, գովազդային նյութեր, տեղեկագրեր, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), իրականացնել գովազդային գործառույթներ,
- իրականացնել պատրաստի արտադրանքի ներարտադրական հսկման միջոցառումներ և վալիդացման անհրաժեշտ աշխատանքներ:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Վերլուծել փաստեր և կատարել հետևություններ,
- կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները տարբեր խնդիրներ ձևակերպելու և դրանց լուծման ուղիներ առաջարկելու համար,
- ներդնել հիմնարար գիտելիքները պրակտիկայում՝ անհրաժեշտ խնդիրների լուծման համար,
- վերլուծել և գնահատել մասնագիտության զարգացման հիմնահարցերի արդիականությունը և գերակա ուղղությունները դեղերի միջազգային համակարգերի պահանջներին համապատասխան,
- մշակել, վերլուծել և ներկայացնել հետազոտական և գիտագործնական գործունեության արդյունքները հոդվածների, հաշվետվությունների և զեկուցումների ձևով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել գիտաժողովների, սեմինարների և քննարկումների,
- մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղել օտարալեզու աղբյուրներից, իրականացնել մասնագիտական բնույթի հաղորդակցում։
Կարիերայի հնարավորությունները
«Ֆարմացիա» մասնագիտությամբ «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Հանրային և հիվանդանոցային դեղատներ
- դեղագետ
Դեղարտադրող ընկերություններ
- դեղագետ-անալիտիկ
- որակի ապահովման մասնագետ
- որակի հսկման մասնագետ
Մատակարար կազմակերպություններ (ներմուծում, մեծածախ իրացում)
- որակի պատասխանատու անձ
Դեղերի որակի հսկման հավատարմագրված լաբորատորիաներ
- փորձագետ
- դեղագետ-անալիտիկ
Առողջապահության տեսչություն
- դեղագետ-տեսուչ
Դեղերի փորձագիտական կենտրոն
- որակի հսկման և գնահատման փորձագետ,
- փորձագետ
Գիտահետազոտական հաստատություններ
- հետազոտող գիտաշխատող,
Կրթական հաստատություններ
- դասախոս
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց հետբուհական կրթությունը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնների, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ մասնագիտական ինստիտուտների ասպիրանտուրաներում: