Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ) մեկնարկեց մանկավարժության ամբիոնի դասախոսների համար նախատեսված աուտիզմի հիմնախնդիրներին առնչվող երեքշաբաթյա մասնագիտական վերապատրաստման դասընթացը։
Վերապատրաստման շրջանակում «Կիրառական վարքային վերլուծության սկզբունքները» թեմայով առաջին զեկույցը ներկայացրեց Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, հոգեբան, միջազգային որակավորում ունեցող վարքային վերլուծաբան Նարինե Վարդանյանը։
Կենտրոնի դասախոսները մեծ հետաքրքությամբ լսեցին բանախոսի ելույթը, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն արժևորեց բանախոսի ելույթը՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր մասնագիտական ներդրում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի դասախոսների համար։ Մասնակից դասախոսների՝ թեմայի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությունը փաստում էր, որ կիրառական վարքային վերլուծության ժամանակակից մոտեցումներն օգնում են առավել ճկուն և լայնասպարեզ պատկերացնելու սոցիալ-մանկավարժական աշխատանքների դրվածքը և տեխնոլոգիաները։
ԵՊՀ ՄԿԶԿ և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի միջև ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում անցկացվող վերապատրաստման այս դասընթացները կլինեն շարունակական: