Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Արտթերապիայի բազային հիմունքները» խորագրով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը, որին մասնակցեցին Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի աշխատակիցները։
Վերապատրաստման դասընթացի շրջանակում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, մանկ․ գիտ․ թեկնածու Լուսինե Հայրապետյանը մասնակիցներին ծանոթացրեց արտթերապևտիկ ռեսուրսային տեխնոլոգիաներին, ցուցադրված սահիկաշարերի, տեսանյութերի միջոցով ներկայացրեց բիբլիոթերապիայի, հեքիաթաթերապիայի, ավազաթերապիայի շտկողական-հոգեթերապևտիկ գործառույթները, տեխնոլոգիաների գործնական հնարավորությունները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև տեսական գիտելիքներն ամրապնդելու գործնականում՝ կատարելով տարբեր առաջադրանքներ։
Դասընթացի ավարտին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ն․ Հարությունյանը կարևորեց վերապատրաստումների ձևաչափն ու ծրագիրը՝ արդյունավետ գնահատելով վերապատրաստող մասնագետի աշխատանքը։
Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, հոգեբան, միջազգային որակավորում ունեցող վարքային վերլուծաբան Նարինե Վարդանյանն արժևորեց մասնագետների համար նմանօրինակ վերապատրաստումների դերը և հույս հայտնեց, որ գործակցությունը շարունակական կլինի։
Նշենք, որ վերապատրաստումներն անցկացվեցին ԵՊՀ ՄԿԶԿ և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի միջև ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում։