Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը Երևանի պետական համալսարանում սկսվել է 1922 թվականից: Հայաստանում ֆիզիկայի զարգացման համար նշանակալի իրադարձություն էր 1933 թ․ համալսարանի կառուցվածքում Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հիմնադրումը` Ֆիզիկայի և Մաթեմատիկայի առանձին բաժիններով:
Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու նպատակով 1959 թ․ համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է Ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը:
1975 թ․ ՀԽՍՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի օժանդակությամբ Ֆիզիկայի ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որի հիմնադիրը և առաջին դեկանը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը:
Այս երկու ֆակուլտետների հենքի վրա էլ 2022 թ․ ձևավորվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը՝ ՀՀ-ում ժամանակակից ֆիզիկայի մասնագետների պակասը լրացնելու նպատակով։
Ինստիտուտում ուսուցումը կազմակերպվում է եռաստիճան համակարգով՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը ծավալում է գիտամանկավարժական ակտիվ գործունեություն․ գիտական արդյունքները ներկայացվում են հեղինակավոր գիտաժողովներում, տպագրվում միջազգային գիտական ամսագրերում: Ինստիտուտի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, պարբերաբար դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, անցնում են վերապատրաստումներ, ինչպես նաև ներգրավված են միջազգային ու տեղական հետազոտական ծրագրերում։
Ինստիտուտը կայուն կապեր ունի միջազգային գիտական առաջատար կենտրոնների հետ, ինչը շարունակաբար ամրապնդվում է փոխադարձ այցելություններով:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտն ունի գործակցային կապեր միջազգային ու տեղական պետական և մասնավոր ընկերությունների, գիտական առաջատար կենտրոնների հետ, որոնց թվում՝ Գերմանիայի արագացուցչային կենտրոնը (DESY), Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը (CERN, Շվեյցարիա), Ջեֆֆերսոնի լաբորատորիան (CEBAF-JLAB, ԱՄՆ), Կայզերսլաուտերնի համալսարանը (Գերմանիա), Սենսորների ինստիտուտը (Ալբորգ, Դանիա), Էլեկտրահաղորդակցության ԳՀԻ-ն, (Տոհոկուի համալսարան, Ճապոնիա), Սոգանգի համալսարանը (Սեուլ, Կորեա), Օսակայի համալսարանը (Ճապոնիա), Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (JINR, ՌԴ), ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի (ք. Աշտարակ), Ֆիզիկական հետազոտությունների (ք. Երևան), Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների (ք. Աշտարակ) ինստիտուտները, ինչպես նաև «Միացյալ էներգետիկ համակարգեր» ՓԲԸ (United Energy Systems (Russian company that owns Armenia's electricity network), «ԼՏ-ՊԻՐԿԱԼ լազերային տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն (LT/Pyrkal cjsc.), Կապի և հաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունները և այլն։
Ֆիզիկայի ինստիտուտի լավագույն ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ։
Ֆիզիկայի ինստիտուտում ուսանողական տարիներն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով գործում են ուսանողական տարբեր կառույցներ և ուսանողական խմբակներ։ Ինստիտուտում ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու գործընկեր հաստատություններում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կրթություն ստանալու եվրոպական համալսարաններում:
Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու միջազգային տարբեր գործընկեր կազմակերպություններում, պետական համակարգում, գիտահետազոտական ու կրթական կենտրոններում և այլուր։
Այս ամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում ուսանողության համար ինչպես գիտության զարգացման արդիական օրինաչափություններն ըմբռնելու, այնպես էլ աշխատանքային հետագա գործունեության հնարավոր ուղիներում կողմնորոշվելու տեսանկյունից: