Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցություն» ծրագրին կարող են դիմել միջնակարգ, նախնական կամ միջին մասնագիտական կրթության վկայական ունեցող դիմորդները: Դիմորդը հանձնում է ընդունելության քննություն «Օտար լեզու» («Ֆրանսերեն» կամ «Անգլերեն» (գրավոր)) և «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները, տեսությունը և պրակտիկան համադրելու և գնահատելու ունակությունը, պատրաստել գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ, որոնք ազատ կտիրապետեն ֆրանսերենին, ինչպես նաև տվյալ լեզվով գործնական, միջմշակութային և միջանձնային հաղորդակցման մշակույթին, զարգացնել ուսանողների ֆրանսիալեզու հաղորդակցության իրազեկությունն իր բոլոր բաղադրիչներով՝ խոսքային, լեզվամշակութային, ճանաչողական և այլն, տրամադրել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ հաշվի առնելով լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդները:
Առավելությունները
Առաջարկվող ծրագիրը մշակվել է արդի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Առարկայացանկն ընտրվել է գործաբանական տեսանկյունից՝ կարևորելով ուսումնառության արդյունքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը: Ծրագրային կողմնորոշիչներ են ծառայել նաև արտասահմանյան հետևյալ համալսարանների համապատասխան մագիստրոսական ծրագրերի մոդելները՝ Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարան («Արվեստ», «Գրականություն», «Լեզու»), Էքս ան Պրովանսի համալսարան («Միջմշակութային հաղորդակցություն. լեզու, գրականություն, արվեստ»), Լիլի համալսարան («Կիրառական լեզուներ»), Ֆրանշ Կոնտե համալսարան («Կիրառական լեզվաբանություն»):
Ուսումնառությանն օժանդակում են նաև և Ֆրանկոֆոնիայի համալսարանական կազմակերպությունը (AUF), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), «Էրազմուս+» ծրագիրը և այլ ծրագրեր, որոնք նպաստում են դասախոսների և ուսանողների շարժունությանը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները երկու եվրոպական լեզուներով հաղորդակցվելու ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում: Կարևորվում և խրախուսվում են նաև քննադատական և վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեության համար: Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում և ձեռնարկություններում, հանրապետական և միջազգային տարբեր կազմակերպություններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ, Ֆրանսիական դեսպանություն, Ալիանս Ֆրանսեզ և այլն: