ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի դոցենտ Սամվել Առաքելյանը, որը նաև բուհական մի շարք դասագրքերի հեղինակ է, ձեռնարկել է նոր ուսումնական ձեռնարկների մշակման գործընթաց: Այս նոր գրքերը վերաբերում են «Երկրաքիմիա» առարկային և կենսոլորտի երկրաէկոլոգիական հետազոտություններին։
«Երկրաքիմիա» ձեռնարկում ներկայացվող թեմաներին անդրադառնալով՝ Սամվել Առաքելյանը նշում է, որ այն տիեզերքում քիմիական տարրերի տարածվածության և տարաշարժի մասին է․ «Քիմիական տարրերի տարաշարժն ու որոշակի վայրերում կուտակվելու պարզաբանումները երկրաքիմիկոսին, երկրաբանին հնարավորություն են տալիս կանխատեսելու, թե որտեղ կարող են լինել քիմիական տարրերի հանքավայրերը, որտեղ՝ ոչ»։
Դոցենտը նույն ձեռնարկում անդրադառնում է նաև ջրոլորտի երկրաքիմիային՝ ջրի առաջացմանը, տարածմանը Երկրի վրա, բացահայտում է, թե որ տարրերն ինչ չափով են լուծվում ջրում, ինչ հանքավայրեր կարող են լինել օվկիանոսների, ծովերի հատակին, ինչ է շահագործվում ներկայում՝ բացի նավթի, գազի հանքավայրերից։
«Ուսումնական ձեռնարկում ներկայացվում է նաև մթնոլորտի երկրաքիմիան: Այժմ շատ են խոսում մթնոլորտի աղտոտվածության մասին, իսկ ձեռնարկում նշվում է՝ ինչից կարող է աղտոտվել և ինչու է աղտոտվում այն: Աղտոտվածության տարածումը կենսոլորտում ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ, ուստի անհրաժեշտ է աշխատել այն հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։ Հայաստանի օդի աղտոտումը մեծապես կախված է նաև դրսից եկող անձրևներից, քամուց և այլն»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը։
Հաջորդ՝ «Երկրաէկոլոգիական հետազոտությունները կենսոլորտում» վերտառությամբ ուսումնական ձեռնարկում հեղինակն անդրադառնում է կենսոլորտի չորս բաղադրիչներին՝ ջուր, օդ, հող և բույս՝ առանձին-առանձին նկարագրելով քիմիական տարրերով դրանց բնական պարունակությունները, ինչպես նաև մարդու ներգործությամբ փոփոխությունների ենթարկվելը։
«Կենսոլորտի վրա կարող է ազդել ցանկացած բնական երևույթ, իսկ ամենաշատը՝ մարդու միջամտությունը։ Օրինակ՝ ծառերը, նրանց տերևները ամռանը երբեմն փոփոխության են ենթարկվում, իսկ դրա պատճառները տարբեր են՝ ջրի պակասություն, հանքային տարրերի առկայություն հողում, օդի աղտոտվածություն, ոռոգող ջրի աղտոտվածություն»,- ասում է Սամվել Առաքելյանը։
Անդրադառնալով ՀՀ-ում առկա բնապահպանական, էկոլոգիական խնդիրներին՝ նա ընդգծում է, որ Սևանա լճի մաքրությունն ապահովելու համար բնակավայրերի օգտագործած ջրերը պետք է ընդհանուր «օղակաձև կոլեկտորի» միջով վերջնական մաքրվեն կենսաբանական մաքրման կայաններում:
Սամվել Առաքելյանի մասնագիտական գործունեությունը չի սահմանափակվում միայն բուհական մակարդակով. նա երկրաբանության ոլորտին առնչվող տարբեր թեմաների շուրջ խորհրդատվություն է տրամադրել՝ նպատակ ունենալով հարստացնելու աշակերտների գիտելիքները:
«ՀՀ մի շարք դպրոցների աշխարհագրության կաբինետներում պետք է ներկայացված լինեն Հայաստանում գտնված միներալներն ու ապարները, որոնց հավաքման գործում «Անտարես» հոլդինգին մասնագիտական օգնություն եմ տրամադրել՝ 100 ստենդի (ցուցատախտակ) համար 2000 նմուշ հավաքելու նպատակով։ Բացի դրանից՝ հավաքվել են Հայաստանի հողերի 8 նմուշներ և գրվել են դրանց անունները։ Օրինակ՝ հանքային միներալներից մոլիբդենիտի նմուշ է ներկայացվում, որ աշակերտները պատկերացում կազմեն, թե ինչպիսին է այդ միներալը: Նույնը վերաբերում է պղնձի, կապարի, ցինկի հանքանյութերին, երկաթի հանքաքարին: Ցուցատախտակներում մեծ տեղ է հատկացված նաև ՀՀ-ում գտնված շինանյութերին՝ կրաքար, պեմզա, տուֆ, տրավերտին, ինչպես նաև այնպիսի միներալներին ու ապարներին, որոնք շատ կան Հայաստանում և կիրառվում են տարբեր բնագավառներում»,- ընդգծում է Ս. Առաքելյանը։
Դոցենտը նախատեսում է նաև դպրոցների համար ստեղծել ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն միներալների հատկությունները, ՀՀ-ում դրանց գտնվելու վայրերը, օգտագործման հնարավորությունները, կիրառման ոլորտները, հանքավայրերը։
Սամվել Առաքելյանը մեծ կարևորություն է տալիս նաև մեր երկրում երկրաբանական տուրիզմի զարգացմանը, որի շնորհիվ զբոսաշրջիկները քայլարշավների ժամանակ կծանոթանան իրենց հանդիպող միներալներին, ապարներին, կուսումնասիրեն ռելիեֆի ձևերի առաջացման պատճառները, հանքավայրերը, բարձրլեռնային գոտիների սառցապատումներն ու ռելիեֆի վրա դրանց թողած ազդեցությունը։
Նշենք, որ Ռեգիոնալ երկրաբանության օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի դոցենտի՝ 2006 թ. հրատարակած առաջին՝ «Ընդհանուր երկրաբանություն» ուսումնական ձեռնարկը կիրառվում է ՀՀ բոլոր բուհերում: Երկրորդ գիրքը լույս է տեսել 2014 թ․ և վերաբերում է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաքիմիական որոնման մեթոդներին։ Իսկ 2018 թ․ լույս է տեսել «Հերհեր» գետի ավազանի տուրիստական հնարավորությունները» եռալեզու մենագրությունը։