Ս․թ․ մարտի 15-ին ճանաչողական այցով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվել էին Վայոց ձորի մարզի Ելփինի միջնակարգ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները՝ աշխարհագրության և պատմության ուսուցչուհի Իվետա Աղախանյանի ուղեկցությամբ։
Այցելության նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գործունեությանը, համալսարանական միջավայրին, աշակերտների հետաքրքրություններին համապատասխանող կրթական ծրագրերին, դասընթացներին, ֆակուլտետի տարբեր ամբիոններում ընթացող գործընթացներին:
Ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտներ Վարդուհի Մարգարյանը և Կամո Ալեքսանյանը, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Սամվել Առաքելյանը, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Ակսել Պոտոսյանը ելույթներով ներկայացրին ամբիոններում կատարվող գործընթացները, ծանոթացրին ֆակուլտետի կրթական ծրագրերին և լաբորատորիաների գործունեությանը:
Դպրոցականները ստացան գործնական խորհուրդներ ու անհրաժեշտ տեղեկություն իրենց մասնագիտական ընտրության, ֆակուլտետի հնարավորությունների, ընդունելության գործընթացի, ինչպես նաև ուսանողական առօրյայի վերաբերյալ:
Ֆակուլտետի դոցենտներ Վարդուհի Մարգարյանը, Ակսել Պոտոսյանը և Սամվել Առաքելյանը Ելփինի միջնակարգ դպրոցին նվիրեցին իրենց հեղինակած ուսումնական ձեռնարկները՝ ընդգծելով և հիմնավորելով դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը դպրոցի աշակերտների համար։
Խոսելով բուհ-դպրոց գործակցության կարևորության մասին՝ Ելփինի միջնակարգ դպրոցի աշխարհագրության և պատմության ուսուցչուհի Իվետա Աղախանյանը նշեց, որ դասախոսների հետ շփումը, բուհի կրթական ծրագրերին ծանոթանալը նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, հետաքրքրության շրջանակի ընդլայնմանը և մոտիվացիային:
Նշվեց, որ խրախուսելի են աշակերտների նմանօրինակ այցերը ԵՊՀ, և դրանք անհրաժեշտ է դարձնել շարունակական, ինչը կօգնի ավարտական դասարանների աշակերտներին մասնագիտական ընտրություն կատարելու, ինչպես նաև նրանց ուղղորդելու ԵՊՀ: