ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ., Սիրիայում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք արևելագիտության, պրոֆեսորի գրանցած հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած ներդրումի, ուսանողների հետ փոխհարաբերությունների և սերունդների միջև տարբերությունների մասին:
– Ձեր և համալսարանի ուղիները խաչվում են 1971 թվականից, երբ ընդունվեցիք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ: Ինչո՞ւ որոշեցիք սովորել հենց Արաբական բաժնում:
– Մասնագիտության ընտրության վերաբերյալ մտորումների ժամանակ հասկացա, որ ուզում եմ սովորել այն, ինչ դեռ չգիտեմ, ուստի որոշեցի ընտրել արևելագիտությունը, քանզի դպրոցն ավարտելիս շատ լավ գիտեի Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի պատմությունը, բայց քիչ էի տեղեկացված տարածաշրջանի մուսուլմանական երկրներից, չգիտեի դրանց պատմությունը, հավատը, էությունը, մտածելակերպը: Բացի դրանից, Արևելագիտության ֆակուլտետ ինձ բերեցին արաբական «անհասկանալի» տառերը բացահայտելու ցանկությունը և հայտնի արևելագետների ճամփորդական արկածներն ու հիշողություններն ընթերցելու շնորհիվ առաջացած սենտիմենտալ տրամադրվածությունը:
– Դուք Արաբագիտության ամբիոնի հիմնադիր վարիչն եք և այն ղեկավարել եք 6 տարի։ Ի՞նչ դերակատարում ունի ամբիոնը համալսարանի և առհասարակ պետության համար:
– Արաբերենը ԵՊՀ-ում դասավանդվել է համալսարանի հիմնադրման առաջին օրերից, սակայն Արաբագիտության ամբիոնը՝ որպես ԵՊՀ գիտաուսումնական ինքնուրույն ստորաբաժանում, հիմնադրվել է 1992 թ․:
Օտար լեզվի իմացությունը չափազանց կարևոր դերակատարում ունի պետության արտաքին քաղաքականությունը վարելու համար: Սովետական միության տարիներին Արաբական բաժնի շրջանավարտները՝ որպես թարգմանիչներ, շրջագայում էին, ինչն ընդլայնում էր աշխարհի մասին նրանց պատկերացումները, տալիս արտաքին աշխարհում կողմնորոշվելու, էթիկետի, վարվեցողության հետ կապված խնդիրներում ավելի շատ գիտելիքներ ու փորձ, քան ունեին մյուսները: Հայաստանի անկախացումից հետո Արաբագիտության ամբիոնի բազմաթիվ շրջանավարտներ դարձան դեսպաններ՝ հանձնառելով նորանկախ պետության և Արաբական երկրների բարեկամական հարաբերությունների ստեղծումը, ինչը վկայում է փայլուն կրթության մասին:
– Դուք եղել եք այդ գործը ստանձնողներից մեկը՝ դառնալով Սիրիայում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպանը, ունեցել մասնագիտական բազմաթիվ այլ հաջողություններ. ինչքանո՞վ եք կարևորում ԵՊՀ-ի ներդրումը Ձեր ձեռքբերումներում:
– Արտերկրում իմ դիվանագիտական գործունեության ընթացքում ինձ հարգանքով էին վերաբերվում, որովհետև Արևելագիտության ֆակուլտետում ուսումնառելու շնորհիվ գիտեի տվյալ երկրի լեզուն, ծանոթ էի ազգի ապրելակերպին, բարևելու, խոսակցություն վարելու ձևին և այնպիսի երևույթների, որոնք առաջին հայացքից աննկատ են, սակայն օտարեկրացիներն այդ ամենի իմացությունը բարձր էին գնահատում, անգամ այլ երկրների դեսպաններ հաճախ տարբեր հարցերով էին դիմում՝ ակնկալելով օգնություն և խորհրդատվություն:
Սիրիայում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան լինելն ինձ համար մեծ պատասխանատվություն և հպարտություն էր: Այնտեղ Հայաստանի հեղինակությունը կախված էր իմ աշխատանքից, կապերից, հարաբերություններից: Յուրաքանչյուր պահի իմ գլխում պտտվում էր այն միտքը, որ ես պետք է արդարացնեմ դեսպանատան բացվելու ժամանակ ՀՀ օրհներգի ձայների ներքո արտասվող հայերի հույսերը:
– Ձեր կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ շատ տեղերում եղել եք առաջինը, հիմնադիրը, առաջ մղող ուժը. ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
– Քիչ եմ քնում (ծիծաղում է- հեղ.):
Սիրում եմ նորամուծություններ անել: Իմ ուսանողներին ևս միշտ ասում եմ, որ իրենց պատմում եմ այն, ինչը սեփական փորձից գիտեմ, իսկ գրքերում գրվածն իրենք անձամբ կարող են կարդալ:
– Ավելի քան 37 տարի դասախոսում եք. ի՞նչ տարբերություններ եք նկատում սերունդների միջև և ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ուսանողությանը:
– Իմ սերնդի ուսանողներն ավելի կրթված էին, ավելի շատ էին կարդում՝ անընդհատ խորացնելով գիտելիքները: Բացի դրանից, մենք չունեինք ինֆորմացիայի ձեռքբերման այն լայն հնարավորությունները, որոնք այսօր կան, սակայն մյուս կողմից՝ համացանցի միջոցով առաջացած տեղեկատվական ահռելի հոսքը մարդկանց շփոթեցնում է: Նախկինում ուսանողները շատ խելոք հարցեր էին տալիս, որոնք գուցե ծագում էին ինֆորմացիայի սահմանափակ լինելուց: Այդ հարցերն ինձ հնարավորություն էին տալիս նորովի նայելու ինչ-որ խնդիրների: Ցավոք, այսօր ավելի քիչ են հնչում այդպիսի հարցեր:
Տարբերություն է նաև այն, որ այսօրվա երիտասարդությունը դժվարանում է կարդալ երկար տեքստեր: Մի կողմից՝ այն համընթաց է «ինֆորմացիոն շոկից» դուրս գալու խնդրին, քանզի հսկայական տեղեկատվական հոսքում պիտի ընտրես այն, ինչը քեզ համար կենսական նշանակություն ունի, մյուս կողմից՝ կարճ տեքստերի միջոցով իրական հետազոտություն չես կարող կատարել:
Ի լրումն այդ ամենի՝ այսօրվա երիտասարդությունն ունի աշխարհում շրջագայելու ավելի լայն հնարավորություններ, քան մենք:
Անկախ ամեն ինչից, լավ լսարան ունենալու դեպքում մեծ հաճույք եմ ստանում դասախոսություններ կարդալուց, որոնք համեմվում են հումորներով և ուսանողների ակտիվ արձագանքով. այդպես ես լիցքեր եմ հավաքում:
– Ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա ուսանողներին:
– Քիչ քնեն (դարձյալ ծիծաղում է-հեղ.), կյանքը դատարկ չվարեն և հաճույք ստանան՝ ժամանակը խելամիտ օգտագործելով: Ամենալավ խորհուրդը, որ կարող եմ տալ՝ հավեսով ապրել (ժպտում է-հեղ.):
Նշենք, որ օրեր առաջ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը հրավիրել էր ֆակուլտետային գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ շնորհավորելու Դավիթ Հովհաննիսյանի 70-րդ հոբելյանը: Նիստին մասնակցել են մոտ 100 համալսարանականներ՝ ԵՊՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, ֆակուլտետի ուսանողներ և տարբեր տարիների շրջանավարտներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրյալ անձինք:
Լիլիթ Մկրտչյան