Զալցբուրգի համալսարանի ասորական նախագծի ղեկավար, դասախոս, դոկտոր Ահո Շեմունկաշոն ԵՊՀ-ում կայացած հանդիպման շրջանակում դասախոսություն ներկայացրեց Եվրոպայում ասորագիտության հիմնադրման և զարգացման մասին: Հանդիպման նպատակն էր նպաստել ուսանողների շրջանում ասորերենի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը՝ ուղենշելով գործակցության հնարավոր նոր ուղիներ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, կարևորելով ասորագիտության ուսումնասիրությունը և դոկտորի՝ ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալը, նշեց, որ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար կազմակերպվող այսօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում ուրվագծելու ասորագիտության զարգացման ճանապարհները:
«Արևելագիտությունը հետաքրքիր է իր բազմազանությամբ, որտեղ իր կարևոր տեղն է զբաղեցնում ասորագիտությունը: Հուսով ենք, որ նմանօրինակ հանդիպումների և քննարկումների շնորհիվ կվերականգնվի ասորագիտության նկատմամբ նախկին հետաքրքրությունը»,- ասաց ֆակուլտետի դեկանը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը, անդրադառնալով հանդիպման և դասախոսության կարևորությանը, ընդգծեց. «Ժամանակին ասորագիտությունը կարևոր տեղ էր զբաղեցնում մեր կրթական ծրագրում, սակայն որոշ ժամանակ անց դադարեց ասորագիտության և ասորերենի դասավանդման գործընթացը համալսարանում: Ահո Շեմունկաշոյի հետ հանդիպումը կարևոր է ոչ միայն ասորագիտությանն առնչվող թեմաների մասին խոսելու, այլև միասին հետագայում տարբեր ծրագրեր իրականացնելու տեսանկյունից»:
Խոսելով նախատեսվող ծրագրերի մասին՝ ամբիոնի վարիչը նշեց, որ այժմ քննարկվում է Զալցբուրգի համալսարանի հետ ասորագիտության ուսումնասիրման բաղադրիչ պարունակող մագիստրոսական ծրագրի ստեղծման գաղափարը:
Հանդիպման ժամանակ Ահո Շեմունկաշոն ներկայացրեց ասորագիտությանը վերաբերող մի շարք հիմնահարցեր՝ շեշտելով անցյալն ու ներկան «կամրջելու» ճանապարհին ասորական գրականության և լեզվի կարևորությունը:
«Ասորերենը նախկինում մեծ դեր է ունեցել թե՛ գիտության, թե՛ մշակույթի բնագավառներում: Ասորերենով գրվել են բազմաթիվ ստեղծագործություններ, ինչպես նաև կատարվել են հետազոտություններ: Այս լեզվին համակարգային տիրապետելը հնարավորություն կտա առավել լավ պատկերացում կազմելու անցյալի մասին»,- նշեց դոկտորը:
Անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցությանը՝ նա փաստեց, որ ասորիները և հայերն ունեն մի շարք ընդհանրություններ, այդ թվում՝ պատմական համատեղ հարուստ հիշողություն, և այս տեսնակյունից Հայաստանում, մասնավորապես ԵՊՀ-ում լինելը միշտ ուրախալի է:
«Մեր նախնիները ապրել են կողք կողքի: Մենք ունեցել ենք նման սովորույթներ և մի շարք ընդհանրություններ: Այս առումով, վստահ եմ, որ համատեղ գործակցությունը հնարավորություն կտա մի շարք նորություններ բացահայտելու միմյանց մասին»,- ասաց Ահո Շեմունկաշոն:
Հավելենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ նախկին աշխատակից, արևելագետ Մարատ Յավրումյանի ջանքերով:
Նշենք նաև, որ դոկտոր Ահո Շեմունկաշոն ծնվել է Տուր Աբդինում, ասորերենի լեզվակիր է, սովորել է Գերմանիայում և դոկտորի աստիճան ստացել Օքսֆորդի համալսարանում:
Եվրոպայում ասորագիտությունն սկսել են ուսումնասիրել 16-րդ դարից․ առաջին ուսումնասիրողը եղել է Մովսես Մարդինը։ Հետագայում Մերձավոր Արևելքից մի շարք այլ արևելագետներ արևմտյան ասորագետների հետ միասին նշանակալից ներդրում են ունեցել ասորագիտության զարգացման գործում ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։