Ս․թ․ ապրիլի 8-ին՝ ժամը 12։30-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 217 լսարանում կանցկացվի սեմինար՝ «Ասորագիտությունը Եվրոպայում․ անցյալ և ներկա» թեմայով։
Սեմինարի շրջանակում Զալցբուրգի համալսարանի դասախոս, ասորական նախագծի ղեկավար, դոկտոր Ահո Շեմունկաշոն կներկայացնի Եվրոպայում ասորագիտության հիմնադրումը, ինչպես նաև վերջինիս հետագա զարգացումը: Ասորագիտությունը Եվրոպայում հիմնադրվել է 16-րդ դարում Մովսես Մարդինի կողմից։ Հետագայում Մերձավոր Արևելքից մի շարք այլ արևելագետներ արևմտյան ասորագետների հետ միասին նշանակալի ներդրում են ունեցել ասորագիտության զարգացման գործում ինչպես Եվրոպայում, այնպես նրա սահմաններից դուրս։ Ժամանակի ընթացքում հարակից ոլորտների այլ մասնագետներ հայագիտության, արաբագիտության, հունագիտության և եբրայագիտության համատեքստում ծանոթանում են ասորական ավանդույթին և հարուստ ժառանգությանը: Ասորական համայնքի արտագաղթը դեպի Արևմուտք ստիպում է փոխել ասորագիտության մոտեցումները: Զալցբուրգի ասորագիտության նախագիծը անցյալի և ներկայի, ինչպես նաև ակադեմիական աշխարհի և կենդանի համայնքի միջև կամուրջ կառուցելով նոր հեռանկարներ ստեղծելու փորձ է: Դոկտոր Ահո Շեմունկաշոն ծնվել է Տուր Աբդինում, ասորերենի լեզվակիր է, սովորել է Գերմանիայում և դոկտորի աստիճան ստացել Օքսֆորդի համալսարանում: