ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ ս․թ․ դեկտեմբերի 12-ին ցուցադրվեց ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին պատմող «Հաղթանակի արվեստը․ մարշալ Բաղրամյան» ֆիլմը, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել հմուտ ռազմական գործչի անցած ուղին ու կենսագրության կարևոր դրվագները։
Ֆիլմում ներկայացվում է ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանի անցած մարտական ուղին, նրա հրամանատարությամբ մշակված և հաջողությամբ իրականացված ռազմական գործողությունները։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց նմանօրինակ նախաձեռնությունները։ Կարևորելով ֆիլմի արդիականությունը՝ նա նշեց․ «Տարածաշրջանում ձևավորված իրավիճակի տեսանկյունից կարևոր են նման փաստավավերագրական ֆիլմերի ստեղծումն ու տարածումը։ Մարշալ Բաղրամյանի և, առհասարակ, հայկական ներկայության հետ կապված պատմական փաստերի աղավաղման դեմ պայքարի համատեքստում անհրաժեշտություն են նման նախաձեռնությունները»։
Մ․ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծագործական խմբին՝ փաստելով, որ ֆիլմը հնարավորություն է տալիս ի ցույց դնելու սկզբունքների տարբերությունը՝ քաղաքակիրթ մոտեցման և մշակութային վանդալիզմի հիմքի վրա կառուցված քաղաքականության։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, անդրադառնալով ֆիլմի նշանակությանը, ասաց․ «Ապագա պատմաբանների, ինչպես նաև մյուս մասնագիտության ուսանողների համար նման ֆիլմերը կարևոր են Հայրենական պատերազմի պատմության լուսաբանման առումով։ Այն պատմական փաստերն ու իրադարձությունները ներկայացնող վավերագրական ֆիլմ է, որը կարևոր է ինչպես ԽՍՀՄ նշանավոր հրամանատար մարշալ Բաղրամյանին ճանաչելու, նրա կերպարը բացահայտելու, այնպես էլ տվյալ ժամանակաշրջանի իրողությունների մասին ճշմարիտ պատկերացում կազմելու տեսանկյունից»։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ պարզապես Հովհաննես Բաղրամյանի կենսագրությունը ներկայացնող ֆիլմ չեն նկարահանել, այլ փորձել են ներկայացնել նրա մարտական ուղին և այն ավանդը, որ նա ունեցել է Հայրենական պատերազմի հաղթանակի գործում։
Նշենք, որ Հովհաննես Բաղրամյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության, «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի» ներկայացուցիչները, Պատմության ֆակուլտետի դասախոսները և ուսանողները։
Հավելենք, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հաղթանակի արվեստը․ մարշալ Բաղրամյան»-ը ԽՍՀՄ մարշալներին նվիրված երկրորդ ֆիլմի դիտումն էր։ Հովհաննես Իսակովի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էր նախորդ տարի։