ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց Վրացագիտության կենտրոն, որը կարևոր հարթակ պիտի դառնա Հայաստանում վրացագիտության զարգացման համար։ Կենտրոնի կրթական և հետազոտական ծրագրերը հարևան Վրաստանի լեզուն, մշակույթը, պատմությունը ճանաչելու և ուսումնասիրելու նոր հնարավորություններ կստեղծեն։ Կենտրոնը նաև կարևոր դեր է խաղալու ԵՊՀ-ի և Վրաստանի առաջատար բուհերի միջև համագործակցության գործում՝ լինելով համատեղ ծրագրերի նախաձեռնող և հարթակ։
Նորաստեղծ կենտրոնի շնորհիվ նոր հիմքի վրա կդրվի ԵՊՀ-ի և Վրաստանի առաջատար բուհերի միջև համագործակցությունը։
ԵՊՀ վրացագիտության կենտրոնի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ Վրաստանի կրթության, գիտության ու երիտասարդության հարցերի նախարարի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են համատեղ իրականացվող կրթական ու գիտական ծրագրերի ընդլայնման ուղիները։
«Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում երկար տարիներ է, ինչ գործում է Հայագիտության կենտրոն, որը պատրաստել է մեծ թվով հայագետներ։ Հույս ունենք, որ երկու երկրների առաջատար համալսարանների, ինչպես նաև կրթական այլ հաստատությունների գործակցությունը համատեղ նոր ծրագրերի և նոր գաղափարների ծնունդ կտան՝ ամրապնդելով կրթագիտական կապերը երկու երկրների միջև»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արժևորելով Վրացագիտության կենտրոնի բացումը ԵՊՀ-ում, նշեց, որ այն նպաստելու է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:
«Կենտրոնի ստեղծումը կարևոր է մեզ համար նաև Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանի մասին համապարփակ գիտելիքներով զինված մասնագետներ ունենալուն և տարածաշրջանի վերաբերյալ ընկալումներն ընդլայնելուն»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը շեշտեց, որ իրենք որդեգրել են տարածաշրջանի մասին գիտելիքները խորացնելու քաղաքականություն, այդ թվում՝ լեզուների ուսուցման միջոցով։ Խոսելով ՀՀ Կառավարության մշակած կրթական ծրագրերից՝ նա նշեց․ «Այս քաղաքականության շրջանակում մենք սկսել ենք նաև իրականացնել հանրակրթական դպրոցներում վրացերենի ուսուցման ծրագրեր, և այսօր իմ գործընկերոջ՝ Վրաստանի ԿԳԵ նախարարի հետ քննարկել ենք այդ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները»։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից Հայաստանի և Վրաստանի համալսարանների համագործակցության շրջանակում կգործի համատեղ կրթաթոշակային ծրագիր, որը հնարավորություն կտա երկու երկրների ուսանողներին մագիստրոսական ծրագրով ուսանելու Հայաստանի և Վրաստանի բուհերում։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գեորգի Ամիլախվարին ԵՊՀ-ում Վրացագիտության կենտրոնի բացումը որակեց որպես կարևոր քայլ վրացագիտության զարգացման ուղղությամբ։
«Մեր երկրները բարեկամական դարավոր պատմություն ունեն, ինչը գործակցային կապերի ամրապնդման հաստատուն հիմքն է։ Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների միջև առկա հարաբերությունների բազմակողմանի զարգացումը և արժևորում ենք հայկական ու վրացական համալսարանների սերտ համագործակցությունը»,- ընդգծեց նախարարը։
Գեորգի Ամիլախվարին ասաց, որ Վրացագիտության կենտրոնի բացմամբ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա են դրվում։ Անդրադառնալով երկու երկրներում գործող հայագիտական և վրացագիտական կենտրոնների գործունեությանը՝ նա ընդգծեց․ «Թբիլիսիի պետական համալսարանում բարեհաջող աշխատում է Հայագիտության կենտրոնը, որտեղ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում։ Վրաստանը մեծ ցանկություն ունի ընդլայնելու գիտակրթական ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագերի իրականացմամբ, որոնք ապագայի մեր ծրագրերի մի մասն են կազմում»։
Գեորգի Ամիլախվարին վստահեցրեց, որ Վրաստանի կառավարությունն ու ԿԳԵ նախարարությունը հանձնառու են աջակցելու ԵՊՀ-ում բացվող Վրացագիտության կենտրոնին և՛ անհրաժեշտ նյութերով, և՛ պրոֆեսորների համագործակցություն ապահովելով։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․ Մխիթար Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկա տարիներին կենտրոնը կդառնա հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և, ամենակարևորը, հայ-վրացական գիտական և ակադեմիական կապերի նորովի զարգացման ու զարթոնքի կենտրոններից մեկը։
«ԵՊՀ-ում Վրացագիտության կենտրոն բացելով՝ մենք առաջին հերթին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայագիտության և վրացագիտության բոլոր այն դասականներին, որոնց ջանքերով հայագիտությունն ու վրացագիտությունը բարձրացրել են համաշխարհային գիտության դասական պահանջներին համապատասխանող մակարդակի»,- ասաց Մխիթար Գաբրիելյանը։
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, Վրացագիտության կենտրոնի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գիտակրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական, ունեն հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթների հենքի վրա, ինչպես նաև տարածաշրջանում նոր զարգացումների արդյունքում արդիական է դառնում հարևան երկու ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդումը։
«Մեր ժամանակներում առավել արդիական են դառնում միմյանց ճանաչելու, միմյանց մշակութային ժառանգությունը գնահատելու և, ամենակարևորը, Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանումը մշտապես ապահովելու խնդիրները։ Վրաստանում կան բազմաթիվ հայկական պատմամշակութային կոթողներ, և տեղի հայությունը մշտապես եղել է բնակչության այն հիմնական հատվածը, որը մեծ ներդրում է ունեցել Վրաստանի և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ քաղաքական, և՛ տնտեսական ու սոցիալական ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ առաջիկայում կլուծվի հայերենով Վրաստանի պատմության դասագրքերի տպագրության հարցը, որ ուսանողությունը հնարավորություն ունենա ազատ ուսումնասիրելու հարևան երկրի պատմությունն ու մշակույթը։ Այնինչ մինչ օրս Վրաստանի պատմությունը ներկայացվել է դասախոսների մատուցմամբ՝ վրացերեն ու ռուսերեն գրքերով։
Խոսելով կենտրոնի հետագա գործունեությունից՝ նա ասաց․ «Հետազոտական աշխատանքների ծրագրեր ունենք, որոնք փորձում ենք իրականացնել Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ։ Մենք նաև նպատակ ունենք կենտրոնում վրացերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու ուսանողների, ինչպես նաև դասախոսների համար»։
Էդուարդ Զոհրաբյանը հավելեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը Թբիլիսիի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնի հետ սերտ կապերի մեջ է, և ԵՊՀ-ում Վրացագիտության կենտրոնի բացումը կնպաստի այդ կապերն ավելի խորացնելուն և նոր ծրագրեր կյանքի կոչելուն։
Վրաստանի ԿԳԵ նախարարը, միջոցառման ավարտին ծանոթանալով ԵՊՀ վրացագիտության կենտրոնում առկա գրականությանը, կենտրոնին ընծայեց վրացական վերածննդի գրականության նմուշներից մեկը՝ Շոթա Ռոսթավելու «Ընձենավորը» էպիկական պոեմը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներ, Վրաստանի տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում։