ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողների համար դասախոսություն կարդաց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Դասախոսությունը նվիրված էր մայրենի լեզվի դերին պետականության զարգացման գործում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, կարևորելով դեսպանի այցը ԵՊՀ, հիշեցրեց, որ վերջերս ֆակուլտետում բացվեց Վրացագիտության կենտրոն, ինչը նախանշում է երկու պետությունների միջև գիտակրթական նոր կապերի ստեղծումը։
«Թե՛ հայկական, թե՛ վրացական կողմերը վստահ են, որ նոր հորիզոններ կբացվեն Հայաստանում վրացագիտական և Վրաստանում հայագիտական հետազոտությունների համար։ Մենք համոզված ենք, որ մոտ ապագայում մեր ուսանողներից շատերը կներգրավվեն նաև այնպիսի գործընթացներում, ինչպիսիք են, օրինակ, երկու երկրների ուսանողների համար կազմակերպվող ամառային ճամբարներն ու փոխանակման ծրագրերը»,- ասաց Մ․ Գաբրիելյանը։
Վրաստանում 1990 թվականից ի վեր ապրիլի 14-ը նշվում է որպես Մայրենի լեզվի օր։ Արժևորելով Գիորգի Շարվաշիձեի նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը՝ Պատմության ֆակուլտետի դեկանն ընդգծեց․ «Դեսպանն առաջարկեց հանդիպել ԵՊՀ ուսանողների հետ և հանդես գալ Մայրենի լեզվի օրվան նվիրված դասախոսությամբ, ինչպես նաև անցկացնել քննարկումներ երկու պետությունների գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Եվ մենք ուրախությամբ ընդունեցինք դեսպանի այս առաջարկը»։
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն երկար ժամանակ եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։ Նա նշեց, որ նախորդ տարի՝ դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո, հասցրել է հանդիպում ունենալ ԵՊՀ ուսանողների հետ, և սա նրա հերթական հանդիպումն է, որի ժամանակ ինքը ներկայանում է որպես պրոֆեսոր։
«Շուրջ 7 տարի Վրաստանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնն եմ զբաղեցրել, և այդ ընթացքում սերտորեն համագործակցել եմ Երևանի պետական համալսարանի իմ գործընկերների հետ։ Այսօր այստեղ եմ որպես պրոֆեսոր, քանի որ ներկայում նաև դասավանդում եմ Թբիլիսիի պետական համալսարանում»,- ասաց դեսպանն ու ընդգծեց, որ այսօրվա դասախոսությունը լեզվական քաղաքականության` պետականության ու տարածաշրջանի զարգացման գործում մայրենի լեզվի դերի մասին է։
Դեսպանն սկսեց իր դասախոսությունը՝ խոսելով 1978 թ․ ապրիլի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններից, որոնք ուղղված էին Սահմանադրության մեջ վրացերենը՝ որպես պետական լեզու, պահպանելու հարցին։
«Խորհրդային միության մի շարք երկրներում պետական լեզու էր համարվում տվյալ երկրի մայրենի լեզուն․ այդ երկրների թվում էին Հայաստանը և Վրաստանը։ Սակայն 70-ականներին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի որոշմամբ՝ փոխվելու էր Սահմանադրությունը, ըստ որի՝ Սահմանադրությունից հանվելու էր մայրենի լեզվին առնչվող այդ դրույթն ու որպես պետական լեզու ընդունվեր ռուսերենը»,- ընդգծեց դեսպանը։
Նա փաստեց, որ այդ խնդրահարույց դրույթը գիտնականները չեն ընդունել, ինչից հետո Վրաստանում անցկացվել են բազմամարդ բողոքի ցույցեր, ինչի շնորհիվ, ղեկավարների քննարկումների արդյունքում, չեղարկվել է այդ փոփոխությունը։
«Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Լիտվայում ընթացող բողոքի ցույցերն անցկացվել են այն կառույցների աջակցությամբ, որոնք պահպանել էին ազգային արժեքները։ Մեզ մոտ այդ կառույցներն էին Թբիլիսիի պետական համալսարանը, Գրողների միությունը, եկեղեցին»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով Վրաստանում երիտասարդների շրջանում լեզուների իմացության մակարդակին՝ Գիորգի Շարվաշիձեն նշեց, որ առավել նկատելի է հետաքրքրությունը եվրոպական լեզուների նկատմամբ, քանի որ տիրապետելով այդ լեզուներին՝ նրանք հնարավորություն են ստանում տարբեր կրթական ծրագրերով անվճար ուսանելու Եվրոպայում։
Նշենք, որ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հանձնեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ուղարկած նվերները՝ Թենգիզ Միկոյանցի «Գոլովինի պողոտա» կտավը և վրացերեն մասնագիտական գրքեր, որոնք տրամադրվեցին Վրացագիտության կենտրոնին։