ԵՊՀ պատմության ֆակուլտետում Ճապոնիայի Մետրոպոլիտան համալսարանի (Օսակա) և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Մասայուկի Իշիմոտոն հանդես եկավ «Հայ մամուլը և Ռուսական կայսրության քաղաքականությունը Հայոց եկեղեցու հանդեպ» թեմայով դասախոսությամբ։
Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտի հետազոտությունների տիրույթում են 19-րդ դարում Ռուսական կայսրության և Հայոց եկեղեցու բարդ փոխհարաբերություների հիմնահարցը։ Մասայուկի Իշիմոտոն ուսումնասիրել է խնդրի վերաբերյալ հայկական մամուլի նյութերը։
Բանախոսի ուշադրության կենտրոնում են հատկապես «Մշակ» թերթի հրապարակումները։ Մասայուկի Իշիմոտոն ներկայացրեց, թե թերթը ինչպես է արձագանքել Ռուսական կայսրության՝ հայկական կրոնական գործերին միջամտելու և կրոնական համայնքները կայսերական համակարգին ձուլելու փորձերին:
Մասայուկի Իշիմոտոն անդրադարձավ նաև Ռուսական կայսրության և «Մշակ»-ի փոխհարաբերությունների հարցին։ Մասնավորապես ընդգծեց առանձին խմբագիրների դերակատարությունը կայսրության հետ «Մշակ»-ի հարաբերությունների ձևավորման գործում։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտը նշեց, որ Ռուսական կայսրության կառավարական որոշումները և պաշտոնական գրությունները որոշակի պատկերացում են տալիս կայսրությունում մամուլի գրաքննության և կանոնակարգման վերաբերյալ։ Մասայուկի Իշիմոտոն պարզաբանեց, թե ինչպես է գրաքննության և վերահսկողության քաղաքականությունն ազդել հայկական մամուլի հրապարակումների վրա՝ ազատորեն քննարկելու Հայոց եկեղեցու և Ռուսական կայսրության փոխհարաբերությունները։
Բանախոսն ընդգծեց, որ հայ մամուլում հետաքրքիր և արժեքավոր հրապարակումներ կան 19-րդ դարի երկրորդ կեսին տարածաշրջանի քաղաքական իրավիճակով պայմանավորված Հայոց եկեղեցու նկատմամբ ռուսական քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ։
Հավելենք, որ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտը թեմայի շրջանակում ուսումնասիրել է ինչպես Հայաստանի ազգային արխիվի, այնպես էլ Ռուսաստանի պետական պատմական արխիվի նյութերը և դասախոսության ժամանակ ներկայացրեց նաև այդ հետազոտությունների արդյունքները։
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։