ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանի ուսումնասիրության տիրույթում են միջնադարյան քանդակներն ու մոնումենտալ գեղանկարչությունը, մասնավորապես վաղ և զարգացած միջնադարի ժամանակաշրջանի գործերը։ Նրա հետազոտությունները վերաբերում են ինչպես պատկերագրությանը, այնպես էլ հուշարձանների գեղարվեստական ոճին։
Զարուհի Հակոբյանը բարձր վարկանիշ ունեցող միջազգային հանդեսներում տպագրել է հոդվածներ՝ նվիրված կենդանագլուխ սրբին՝ Սուրբ Քրիստափորին («Շնագլուխ Ս. Քրիստափորի կերպարը վաղմիջնադրյան Հայաստանի քանդակում», «Քոնվիվիում» գիտական հանդես), ինչպես նաև միջնադարյան արվեստում հաճախ հանդիպող խորհրդանշական պատկերներին՝ լուսատուների և բնության տարերքների մարմնավորումներին («Պատկեր-մարմնավորումները միջնադարյան Հայաստանի և Հարավային Կովկասի արվեստում», «Արվեստի պատմության արդիական խնդիրները» գիտական հանդես):
«Սուրբ Քրիստափորի և ալեգորիաների պատկերների քննությունը տևել է երկար տարիներ, աշխատանքն ընթացել է մի քանի փուլով (1Օ տարի և ավելի)՝ քայլ առ քայլ առաջ շարժվելով և գտնելով հարցերի պատասխանները: Վերջնական այս հոդվածներով վստահորեն առաջ է քաշվում նոր տեսակետ, և տրվում են նոր մեկնաբանություններ»,- ասաց դոցենտը:
Սուրբ Քրիստափորի և ալեգորիաների պատկերներն ուսումնասիրելիս Զարուհի Հակոբյանը քննության է առել վաղմիջնադարյան քանդակի օրինակներ, որոնք այսօր գտնվում են և՛ Հայաստանի տարածքում, և՛ Հայաստանից դուրս, օրինակ, Արևմտյան Հայաստանի (այժմ՝ Թուրքիայի) տարածքում և Վրաստանում:
«Սուրբ Քրիստափորի պատկերին նվիրված հոդվածում հանգել եմ այն եզրակացությանը, որ կենդանագլուխ պատկերը համապատասխանում է հենց շնագլուխ սրբին։ Վերջինս միակն է, որ նկարագրվում է նման արտասովոր արտաքինով և չի աղերսվում Տրդատ թագավորի խոզակերպ պատկերին, որի մասին նախկինում բազմիցս խոսվել է: Հետևաբար՝ այս կերպարը հոդվածում լիովին վերանայվել է, և առաջ է քաշվել նոր տեսակետ»,- նշեց Զարուհի Հակոբյանը:
Անդրադառնալով ալեգորիաների պատկերներին նվիրված իր երկրորդ հոդվածին՝ նա շեշտեց, որ հայկական միջնադարյան արվեստում առաջին անգամ փորձ է արվում մեկնաբանելու նախկինում անհասկանալի թվացող և որոշակի սկզբունքով պատկերված կերպարները՝ ծավալային գլուխները։
«Փորձ է արվում նաև հիմնավորելու դրանց խորհրդանշական բնույթն ու բնության տարերքների մարմնավորումներ լինելը՝ զուգահեռներ բերելով արևելաքրիստոնեական արվեստից և համեմատելով հայկական քանդակի այլ պատկերների հետ»,- ասաց նա:
Զարուհի Հակոբյանը գիտական մեթոդաբանության տեսանկյունից հատկապես կարևորում է հուշարձանի պատմական և գեղարվեստական համատեքստն ի ցույց դնելը, դրանք տարածաշրջանի և ժամանակաշրջանի մշակութային համատեքստում դիտարկելը:
«Միջնադարյան քանդակի և մոնումենտալ գեղանկարչության ընտրությունը պայմանավորված էր համապատասխան պատկերների քիչ ուսումնասիրված լինելով և չհիմնավորված մեկնաբանություններով, ինչը, ինքնըստինքյան, վերանայման անհրաժեշտություն ունի: Հիմնվելով նոր գտածոների, նոր տեղեկությունների, ինչպես նաև որոշ վերաթվագրությունների վրա՝ այսօր առաջացել են նոր հարցեր և առկա է դրանց հիմնավորված մեկնաբանումների անհրաժեշտություն»,- հավելեց նա։
Նշենք, որ Զարուհի Հակոբյանը 60-ից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև մեկ տասնյակ հանրագիտարանային նյութերի հեղինակ է: