Համբարձման տոնի կրոնական խորհրդի և ազգային ավանդույթների մասին ուսանողների գիտելիքները ամբողջացնելու նպատակով ԵՊՀ պատմության ֆակուլտետի hնագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց Համբարձման տոնին նվիրված միջոցառում։
Սուրբ Հարության տոնից 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Վիճակի, Կաթնապուրի կամ Ծաղկամոր տոն անուններով։ Թեև այն Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին է դասվում, սակայն միշտ նշվում է հինգշաբթի օրը։
Համբարձման տոնը ժողովուրդը տոնել է հայտնի և անհայտ բազում սովորույթներով։ Օրինակ՝ տոնին նախորդող չորեքշաբթի օրը կանայք «ծաղկամոր կիրակի» էին պահում՝ խուսափելով որոշ աշխատանքներից, որպեսզի «ծաղկամայրն» իրենց երեխաներին զերծ պահեր ծաղիկ և կարմրուկ հիվանդություններից։ Ըստ ավանդության՝ ծաղկամայրը Վարվառե անունով մի կույս է, որին քրիստոնեություն ընդունելու պատճառով հետապնդել է կռապաշտ հայրը, և Վարվառեն, Արևմտյան Հայաստանից փախչելով, հասել է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռը, թաքնվել նրա այրերից մեկում։ Սակայն հովիվները մատնել են աղջկա տեղը: Հուսահատ Վարվառեն նահատակվելուց առաջ խնդրել է Աստծուն, որ ծաղիկ ու կարմրուկ հիվանդություն ունեցող մանուկներն իր անունով բժշկվեն:
Ուսանողները պատմեցին տոնի հիմնական ծեսի (վիճակի) մասին՝ ներկայացնելով ժողովրդական ավանդույթները: Չորեքշաբթի՝ վաղ առավոտյան, սկսվում էր վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Աղջիկների՝ նախապես ընտրված յոթական հոգով խմբերը դուրս էին գալիս ծաղիկներ հավաքելու։ Նրանք, ծաղիկներից բացի, մի կճուճի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար։ Մութն ընկնելուց հետո խոտերի մեջ թաքցնում էին վիճակի կճուճը։ Նրանք հավատում էին, որ այն օծվում է Համբարձման գիշերվա զորավոր ուժով։
Խոսելով տոնական ուտեստի մասին՝ ուսանողներն ասացին, որ բավականին տարածված էր կաթնապուր պատրաստելու ավանդույթը։ Այդ պատճառով է, որ «կաթնապուրը» շատ վայրերում դարձել է Համբարձման տոնի հոմանիշ անվանաձև։ Հարկ է նշել, որ Համբարձման տոնը, սկսած ծաղկահավաքից մինչև վիճակ խաղալը և ծաղկեփնջեր կազմելը, ուղեկցվում էր պարերով և երգերով։
Հավելենք, որ քրիստոնեության շրջանում տոնը կապվեց Հիսուս Քրիստոսի պայծառակերպության հետ։ Հարությունից հետո Հիսուս Քրիստոսն ուղիղ 40 օր շրջել է երկրի վրա և իր առաքյալներին պատգամներ տվել, 40-րդ օրը համբարձվել երկինք։
Նշենք նաև, որ միջոցառման ժամանակ ուսանողներն ուսուցանեցին պարերգեր, անցկացվեց վիճակի ծեսը։