Մշակութաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
ԵՊՀ մշակութաբանության բաժինը՝ որպես պատմության ֆակուլտետի առանձին ստորաբաժանում, գործում է 2002-2003 ուսումնական տարվանից: Բաժնի ուսումնական ծրագրերի կազմողն ու դասընթացների իրականացման պատասխանատուն Մշակութաբանության ամբիոնն է, որը բացվել է 2007 թ. հունվարին: Ամբիոնի փորձառու մասնագետները դասավանդում են համահամալսարանական «Մշակութաբանություն» առարկան՝ ներկայացնելով մշակույթի ոլորտին առնչվող տեսական և պրակտիկ հիմնական գիտակարգեր:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր), «Օտար լեզու» (գրավոր) կամ «Հայոց պատմություն» (գրավոր) առարկաների քննությունների արդյունքների հիման վրա:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մշակութաբանության, մշակույթի տեսության և պատմության, մշակութային քաղաքականության և ժամանակակից մշակութային գործընթացների, պատմության և մշակութաբանության դասավանդման ոլորտների մասնագետներ:
Առավելությունները
«Մշակութաբանություն» բաժնում մասնագիտական ուսուցումը կատարվում է երեք հիմնական համալիրներով:
Մշակույթի տեսության համալիրը ներառում է մշակութաբանության ներածություն, մշակույթը հումանիտար գիտությունների համակարգում, մարդաբանություն, մշակութային մարդաբանություն, վիզուալ մարդաբանություն, պատմական մարդաբանություն, առօրեականության մշակույթ, մշակույթի փիլիսոփայություն, հնագիտություն, ազգագրություն, թանգարանագիտություն և մշակույթը հետազոտող մի շարք այլ գիտական համակարգեր:
Մշակույթի պատմության համալիրը ներառում է համաշխարհային մշակույթի, տարածաշրջանի մշակույթների և հայ մշակույթի պատմությունը:
Մշակութային քաղաքականության և ժամանակակից մշակութային գործընթացների համալիրը ներառում է մշակութային քաղաքականություն և մշակութային ժառանգություն, քաղաքականություն և մշակույթ, գենդեր և մշակույթ, հայ ինքնություն, ժամանակակից կրոնածիսական և քաղաքային մշակույթ, մշակութային զբոսաշրջություն և այլ դասընթացներ:
Ուսումնառության ավարտին ուսանողները կունենան հետևյալ կարողությունները և հմտությունները.
- մշակույթի մասին բազմաբնույթ գիտելիքի համակարգում և տեսական վերլուծություն, մշակույթի իրողությունների ճիշտ համակցում կոնկրետ պատմական դարաշրջանի հետ, կատարելու մշակութաբանական վերլուծություններ և ուսումնասիրություններ,
- համաշխարհային և հայ մշակույթների պատմական զարգացումների օրինաչափությունների վերլուծություն կատարելու,
- հումանիտար և սոցիալական գիտությունների զարգացման և դրանցում մշակութային ֆենոմենների ուսումնասիրության արդի միտումների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ,
- մշակութային քաղաքականության սկզբունքների, հիմնաձևերի և մոդելների իմացություն, մշակույթի կառավարման սկզբունքների և պրակտիկաների իմացություն,
- հնագիտական հուշարձանների և ազգագրական իրողությունների ճանաչում, նկարագրում և բնութագրում,
- մշակութային ժառանգության հանրահռչակման, թանգարանացման, թանգարանների դերի ու գործառույթների վերաբերյալ համակարգված իմացություններ,
- մշակութային լանդշաֆտը, բացօթյա սրբավայրերն ու կոթողները ճանաչելու, նկարագրելու, պահպանության վիճակը բնութագրելու կարողություններ։
Կարիերայի հնարավորությունները
Մշակութաբանության ամբիոնի շրջանավարտները ստանում են մշակույթի տեսաբանների և մշակույթի պատմության հետազոտողների, մշակութային մենեջերների, ներկա մշակութային գործընթացների փորձագետների որակավորում, ինչը հնարավորություն է տալիս նրանց աշխատանքի անցնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, գիտահետազոտական հիմնարկներում, ՀՀ քաղաքացիական ծառայության ոլորտում, ՀՀ Կառավարության աշխատակազմի համապատասխան բաժիններում, մարզային մշակութային կենտրոններում, Հայաստանի տարբեր թանգարաններում, զբոսաշրջային կազմակերպություններում, սոցիալական հետազոտություններ իրականացնող հասարակական կազմակերպություններում, ԶԼՄ-ում, ինչպես նաև սոցիալական, մշակութային և հասարակական ծրագրեր իրականացնող միջազգային կառույցներում: