Հայագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթամասերից։ Վերջինս պարունակում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։ Ընդհանուր կրթամասը ծառայում է մագիստրոսի որակավորման աստիճանի ընդհանուր հենքի (ընդհանրական գիտելիքներ և կարողություններ) ապահովմանը կամ համալրմանը, մասնագիտական կրթամասը կոչված է տվյալ մասնագիտության շրջանակում ապահովելու պահանջվող ընդհանուր գիտելիքներն ու կարողությունները, իսկ մասնագիտացման կրթամասը ծրագրի անհատականացված ուսուցման մասն է, որը նախատեսված է զարգացնելու խորացված գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մասնագիտության որևէ նեղ ասպարեզում։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության արդյունքների հիման վրա:
Ծրագրի նպատակը
«Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ համապարփակ գիտելիք հայագիտության բաղկացուցիչ գիտակարգերի վերաբերյալ (պատմություն, լեզվաբանություն, գրականագիտություն, մշակութաբանություն և սփյուռքագիտություն)՝ ձևավորելով մանկավարժներ և կրթական գործիչներ ինչպես Սփյուռքի, այնպես էլ ՀՀ կրթօջախների համար:
Կրթական ծրագրի հիմնական նպատակներից է ուսանողներին տրամադրել հայագիտության առանձին գիտակարգերի` արդի փուլի հիմնական նվաճումներին վերաբերող հիմնարար գիտելիքներ, ձևավորել այդ գիտակարգերի հիմնախնդիրների վերաբերյալ ամբողջական ծանոթություն և պատկերացումներ, նրանց հաղորդել հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ գիտատեսական և մեթոդական հմտություններ:
Առավելությունները
Ինչպես յուրաքանչյուր այլ գիտակարգ, հայագիտությունը ևս նախատեսում է համապատասխան մասնագետների պատրաստում, որի արդյունքում ձևավորվում է գիտական և փորձագիտական հանրույթ, ինչը տարիների աշխատանքի արդյունք է:
Թեև հայագիտության տարբեր գիտաճյուղերի առումով ԵՊՀ-ում և այլ բուհերում կան բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր, սակայն հայագիտությունը, որպես ամբողջական գիտական համակարգ, ՀՀ-ում ներկայացված չէ:
Կարիերայի հնարավորությունները
ՀՀ-ում հայագետների պատրաստման հարթակը ստեղծվել է ԵՊՀ-ում՝ 2014 թ., երբ Սփյուռքի ամենամեծ կրթամշակութային միության՝ Համազգայինի հետ համագործակցությամբ, հիմնադրվեց «Հայագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակը ոլորտը մասնագետներով համալրելն էր և Սփյուռքի դպրոցների համար «Հայագիտություն» մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելը:
Առ այսօր ծրագիրը տվել է ավելի քան 40 շրջանավարտ, որոնց տրամադրվել են հայագիտության հիմնական գիտաճյուղերի վերաբերյալ ամբողջական գիտատեսական գիտելիքներ, առանձին գիտաճյուղերի մասին համակարգային պատկերացումներ, հայագիտության հիմնահարցերի խորքային իմացություններ, մասնագիտական հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ գիտատեսական և մեթոդական պատրաստություն:
Այդ գիտելիքների և իմացությունների շնորհիվ ծրագրի շրջանավարտները պատասխանատու մասնագիտական աշխատանքի են անցել Հայաստանի և Սփյուռքի կրթական ու գիտական հաստատություններում և ՀՀ պետական համակարգում:
Շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու հայագիտությանն առնչվող մասնագիտություններով (հայոց պատմություն, մշակույթ, հայոց լեզու և գրականություն) ասպիրանտուրա։
Կոնտակտներ
(+374 60) 710 604 (ներքին՝ 16-04)
armine.chiroyan@ysu.am