Վրացագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Մագիստրոսական ծրագրի իրականացումն ունի այժմեական հրատապ նշանակություն: Այն պայմանավորված է աշխարհաքաղաքական նոր և աշխարհատնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների ընթացքի հեռանկարների ու միտումների գիտաքաղաքական գնահատման և գալիք մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Ծրագրի իրականացման կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված են նաև հայ-վրացական հարուստ պատմամշակութային փոխառնչությունների, այդ ժառանգության վերարժևորման, փոխլրացման հենքին խարսխված տարածաշրջանային երկրների փոխհարաբերություններում անվտանգային հիմնախնդիրների արծարծմամբ և դրանց վերաբերյալ հնարավոր սցենարների մշակման առումով:
Ընդունելության պահանջները
«Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը կատարվում է բանավոր քննության արդյունքների հիման վրա։
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել վրացերենին տիրապետող մասնագետներ։
Կրթական ծրագրի նպատակն է ինչպես ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական վրացագիտական դասընթացների միջոցով լեզուների (վրացերեն, մեկ եվրոպական լեզու) խորացված ուսուցումը, նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների պատրաստումը:
Առավելությունները
Հայաստանի բուհերից և ոչ մեկում չի իրականացվում վրացագիտություն մասնագիտությամբ կադրերի պատրաստում։
Կրթական ծրագրի մագիստրանտները լիարժեք ուսումնասիրում են վրացերեն և այլ օտար լեզուներ, ինչպես նաև վրաց պատմությունն ու մշակույթը։ Հայագիտական ու վրացագիտական կրթություն ունեցող այդ մասնագետները մրցունակ են ոչ միայն հանրակրթության, հայկական գիտական միջավայրում, այլև միջազգային ասպարեզում:
Սովորելու ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկա անցնելու ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում, Կովկաս ինստիտուտում, ինչպես նաև գիտահետազոտական այլ ինստիտուտներում, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու և աշխատելու իրենց մասնագիտությանն առնչվող սկզբնաղբյուրներին և գրականությանը։
Կարիերայի հնարավորությունները
Մագիստրոսական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա պատրաստելու բազային հայագիտական և վրացագիտական կրթություն ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք կաշխատեն ինչպես կրթական, գիտական, հաստատություններում, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունում, դիվանագիտական ներկայացուցչություններում, պաշտպանության նախարարությունում և այլ կառույցներում: Հնարավորություն կստեղծվի վրացագիտական հիմնարար կրթություն ունեցող մասնագետների միջոցով ապահովելու Հայաստանի, հայկական մշակույթի, տարածաշրջանային զարգացումներին հայերի բերած ավանդի ներկայացումը գիտական ու այլ միջավայրերում, այսպիսով հակազդելով նաև հակահայ քարոզչությանը, ուսումնասիրել հայկական մշակութային ներկայության պատմությունը կովկասյան և մասնավորապես վրացական մշակութային աշխարհում, հանրայնացնել ու քարոզել այն՝ այսպիսով հիմքեր նախապատրաստելով նաև վրացական ու հյուսիսկովկասյան միջավայրում դրանց պահպանության ու փոխանցման համար, մրցունակ, գիտական հետազոտությունների արդի տեսություններին ու մեթոդաբանությանը տիրապետող մասնագետների պատրաստումով ապահովել նաև հայագիտության ինտեգրումը միջազգային գիտական միջավայրին:
Կոնտակտներ
060-710-609
abelyanarpine@ysu.am