Երևանի պետական համալսարանում Ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949-1950 ուստարում: 1954 թ․ Ժուռնալիստիկայի բաժնի առաջին շրջանավարտների թվում էին հետագայում անվանի գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, հայ մամուլի պատմության նվիրյալներից՝ բանասիրության դոկտոր Լիդա Գևորգյանը և այլք: Հետագա տարիների շրջանավարտների շարքերում նույնպես մեծաթիվ հայտնի անուններ կան:
Խորհրդանշական է, որ 1960-80-ական թթ․ Հայաստանի գրական, հասարակական, մշակութային կյանքում բացառիկ դեր ունեցած «Գարուն» ամսագրի խմբագիրները եղել են ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներ։ Այդ բաժինն են ավարտել Հայաստանի գրողների միության նախագահներից երկուսը։
Ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներն առանցքային դերակատարություն են ունեցել նաև 1988-ի ազգային-ազատագրական շարժումը ձևավորելու և առաջնորդելու գործում, նրանցից ոմանք 1990-ական թթ․ Հայաստանի երրորդ Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների երևելի դեմքերից էին։
Ժուռնալիստիկայի բաժինը սկզբնապես գործել է Բանասիրական ֆակուլտետի կազմում և պարբերաբար փակվել ու վերստին բացվել է նվիրյալ ու հեռատես անհատների ջանքերով։ Ի վերջո, 1999 թ․ հոկտեմբերի 1-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրվել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ, ըստ որում՝ հեռակա ուսուցման բաժինը բակալավրիատում բացվել է 2007 թ․, իսկ մագիստրատուրայում՝ 2011 թ․։ Ուսումնառության ընթացքում ուսանողները ստանում են մասնագիտական բարձրորակ կրթություն՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և դառնալով պահանջված ու մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում: Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներն ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում, ապա համալրում պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում են հանրապետության լավագույն մասնագետներ, որոնց թվում՝ պրոֆեսորներ, դոցենտներ, գիտությունների թեկնածուներ: Նրանցից շատերը ներգրավված են տեղական ու միջազգային հետազոտական ծրագրերում, հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են հանրապետության և արտասահմանյան գիտական պարբերականներում՝ նպաստելով լրագրագիտության զարգացմանը։ Ֆակուլտետում տպագրվում է «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» մասնագիտական պարբերականը, որում տեղ են գտնում նաև ուսանողների լավագույն գիտական աշխատանքները։ Նրանց լավագույն զեկուցումներն ու հրապարակումները խրախուսվում են հատուկ մրցանակներով, տպագրվում տարբեր ժողովածուներում:
Հաշվի առնելով այն, որ հայաստանյան լրատվադաշտն օրեցօր փոփոխվում և զարգանում է՝ ֆակուլտետը մշտապես թարմացնում է իր առաջարկած կրթական ծրագրերը։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետը տարեցտարի ընդլայնում է գործակցային կապերն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի առաջատար բուհերի հետ, կնքում հուշագրեր ու համաձայնագրեր առաջատար լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների հետ:
Ֆակուլտետի մի շարք ուսանողներ փոխանակման ծրագրերի շրջանակում կրթություն են ստացել արտասահմանյան բուհերում։ Նրանք ակտիվորեն մասնակցում են հատկապես «Էրազմուս+» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերին: Միևնույն ժամանակ՝ ֆակուլտետն առաջարկում է անգլերենով դասընթացներ օտարերկրյա ուսանողների համար:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործում են ուսանողական կառույցներ, որոնց նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են ուսանողների լրագրողական հմտությունները զարգացնող տարաբնույթ միջոցառումներ:
Ֆակուլտետի ուսանողներից շատերը մասնագիտական աշխատանքի են անցնում դեռևս ուսումնառության տարիներից։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել թերթերի, ամսագրերի խմբագրություններում, ռադիո- և հեռուստաընկերություններում, լրատվական գործակալություններում, համացանցային լրատվադաշտում, տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայություններում, միջազգային ու տեղական կազմակերպություններում, պետական համակարգում և այլուր: