Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել մանկական հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտում տեսամեթոդաբանական և կիրառական խնդիրներով զբաղվող մասնագետներ, որոնք ունակ կլինեն ուսումնասիրելու երեխայի զարգացման օրինաչափությունները, նոր մոտեցումները, երեխայի զարգացման առանձնահատկությունները՝ կրթության ոլորտում բարելավումներ իրականացնելու համար, ինչպես նաև կազմակերպելու հոգեբանական աջակցության ծառայություն՝ իրականացնելով հոգեախտորոշիչ, հոգեկարգավորիչ և զարգացնող աշխատանք երեխայի զարգացման տարբեր փուլերում, ինչպես նաև կազմակերպելով խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքներ զարգացման, հոգեբանական, վարքային և հուզական, ընտանեկան դժվարություններ ունեցող երեխաների և դեռահասների հետ:
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտն ունակ կլինի ներկայացնելու հիմնարար գիտելիք տարիքային տարբեր փուլերում զարգացման առանձնահատկությունների, գործընթացների և օրինաչափությունների վերաբերյալ, սահմանելու մանկական հոգեբանության ժամանակակից տեսությունները և մեթոդաբանական հիմքերը, ներկայացնելու երեխաների և դեռահասների հետ հոգեախտորոշիչ և հոգեշտկող աշխատանքի իրականացման սկզբունքները և մեթոդները, բնութագրելու խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքի իրականացման սկզբունքները և առանձնահատկությունները հոգեբանական տարբեր դժվարությունների դեպքում, սահմանելու զարգացման խանգարումների առաջացման գործոնները և աշխատանքի առանձնահատկությունները, նախագծելու մանկական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական կիրառական ծրագրեր, ուսումնասիրելու երեխայի զարգացման առանձնահատկությունները սոցիալ-մշակութային գործոնների ներքո և վերլուծելու ընտանիքի դերը անձի զարգացման գործընթացում։
Ծրագրի շրջանավարտը ունակ կլինի նաև կիրառելու հոգեախտորոշիչ մեթոդներ ինչպես օրինաչափ զարգացում ունեցող, այնպես էլ ախտաբանական խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում, կիրառելու հոգեշտկողական և հոգեթերապևտիկ մեթոդները զարգացման տարբեր խնդիրներով երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ աշխատանքում, իրականացնելու խորհրդատվական և լուսավորչական աշխատանք (psychoeducation) տարբեր խնդիրների դեպքում՝ թե՛ երեխաների, թե՛ նրանց հետ աշխատող մեծահասակների հետ:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես դպրոցական հոգեբան, զարգացման հոգեբան, մանկան և դեռահասների հոգեբան-խորհրդատու, մանկական կլինիկական հոգեբան, ընտանեկան հոգեբան:
Շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ հաստատություններում՝ հիմնական և ավագ դպրոցներ, հատուկ ծրագրով ուսուցմամբ կրթական հաստատություններ, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, մանկական խնամքի և պաշտպանության կենտրոններ, մանկական վերականգնողական հաստատություններ, հոգեբանական ծառայության կենտրոններ, մասնագիտական կողմնորոշման կենտրոններ։
Ծրագրով նախատեսված գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին վերոնշյալ հաստատություններում իրականացնելու անհատական և (կամ) խմբային խորհրդատվական, զարգացնող, հոգեախտորոշիչ և հոգեկանխարգելիչ աշխատանքներ։ Նրանք կարող են իրականացնել ծնողավարման և ընտանեկան խորհրդատվություն, ինչպես նաև կատարել հոգեբանական գնահատման և վերականգնողական աշխատանքներ տարբեր հաստատություններում։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իր շրջանավարտներին անցկացնելու մասնավոր պրակտիկա երեխաների և դեռահասների հետ։
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
(+374 60) 710 638
persona@ysu.am