- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Սոցիոլոգիայի ֆակուլտետ
- Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 2004 թ. սոցիոլոգիայի ֆակուլտետի կազմում: 2006 թվականից ամբիոնի վարիչն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արտակ Խաչատրյանը։
2010-2013 թվականների սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը տեղական և արտասահմանյան համալսարանների հետ որպես կոնսորցիումի անդամ մասնակցել է «Տեմպուս 4» ծրագրին, որի արդյունքում ԵՊՀ-ում ներդրվել է մագիստրոսական կրթական նոր ծրագիր՝ «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն»: 2019-2021 թթ. ամբիոնը հնարավորություն է ունեցել զարգացնելու այդ ծրագիրը՝ մասնակցելով «Էրազմուս+» ծրագրին:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնն ակտիվորեն մասնակցում է ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներին: Ամբիոնի շատ դասախոսներ՝ որպես վերապատրաստողներ, մասնակցել ու մասնակցում են համակարգի ծառայողների վերապատրաստումներին՝ նպաստելով սոցիալական աշխատանքի մասնագիտական մշակույթի տարածմանը և զարգացմանը: Նրանց ակտիվ մասնակցությամբ է այսօր զարգանում համայնքային սոցիալական աշխատողների ցանցը: Համագործակցելով պետական և հասարակական տարբեր կառույցների հետ՝ ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ և կլոր սեղաններ, որոնց ժամանակ քննարկվում են մասնագիտության զարգացմանը միտված հրատապ խնդիրները: Որպես կանոն նման միջոցառումները հարմարեցվում են Սոցիալական աշխատողի օրվան (հանրապետական ու միջազգային տոներ):
Ամբիոնի դասախոսները նաև օժանդակում են Արցախում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը՝ նրանում ներդնելով սոցիալական աշխատանքի տարրը: Այդ նպատակով նրանք կազմակերպում են սոցիալական աշխատանքգի գծով կարճատև դասընթացներ, ունկնդիրներին վերապատրաստում և իրականացնում մասնագիտական խորհրդատվություն։
Ամբիոնն իրականացնում է «Սոցիալական աշխատանք» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը։
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը սերտորեն համագործակցում է Կոնեկտիկուտի համալսարանի (ԱՄՆ) սոցիալական աշխատանքի դպրոցի հետ: Երկու կողմի մագիստրատուրայի ուսանողների համար ամեն տարի կազմակերպվում է «Համեմատական սոցիալական քաղաքականություն» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողների փոխադարձ այցելություն է կազմակերպվում գործընկեր երկրում սոցիալական աշխատանքի զարգացման վիճակին ծանոթանալու նպատակով:
Վերջին տարիներին ամբիոնը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցում է Չեխիայի Հրադեց Կռալովեի համալսարանի հետ: Համագործակցության շրջանակում ամբիոնի դասախոսները մասնակցում են «Հրադեցյան օրեր» ավանդական գիտաժողովին, ինչպես նաև փոխադարձ այցելություններ են կատարում դասախոսություններ կարդալու նպատակով: Ամառային կիսամյակի ընթացքում գործընկեր համալսարանում ուսումնառելու հնարավորություն ունեն նաև ամբիոնի իրականացրած կրթական ծրագրերի ուսանողները։
Օգտատիրոջ ոչ մի պրոֆիլ միացված չէ այս բաժնին: