ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատուժի գնահատման արդյունքների ներկայացում և վավերացում» թեմայով աշխատաժողով, որի ժամանակ ամփոփվեցին Հայաստանի սոցիալական աշխատուժի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Այդ հետազոտության փորձագետներից և ակտիվ մասնակիցներից էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Սոցիալական աշխատուժի գնահատման արդյունքում հավաքագրվել են որակական տեղեկություններ Կառավարության, դոնորների և հիմնական այլ գործընկերների կողմից երեխաների և ընտանիքների համար սոցիալական ծառայություններ տրամադրող աշխատուժի պլանավորման, զարգացման և աջակցության տրամադրման տարբեր մոտեցումների, դրանց առավելությունների ու սահմանափակումների և այլնի վերաբերյալ։ Հետազոտության արդյունքների հիման վրա կմշակվի ծրագիր, որը կօգնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և շահագրգիռ այլ կազմակերպություններին՝ աշխատուժի հզորացմանն ուղղված հետագա գործընթացներն ավելի համակարգված կատարելու:
Մոտ 3 ամիս տևած սոցիոլոգիական հետազոտությունը, որին մասնակցել են սոցիալական աշխատողներ, հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ, կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները որպես փորձագետներ ընդգրկված են եղել հետազոտությանը՝ պլանավորման փուլից մինչև իրականացում, փորձագիտական կարծիք, դիտարկումներ ու խմբային քննարկումներ:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, կարևորելով այսօրինակ նախաձեռնությունները, ասաց. «Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները շահագրգռված են իմանալու, թե հետազոտության շրջանակում ինչպիսի գնահատականների է արժանացել երեխաների և ընտանիքների սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում գործող աշխատուժը, քանի որ հենց մեր ֆակուլտետի շրջանավարտներն են այժմ ոլորտում գործող մասնագետները»:
Արթուր Մկրտիչյանը շեշտեց, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը միշտ բաց է նմանատիպ համագործակցությունների համար, որոնք կնպաստեն ֆակուլտետի զարգացմանն ու կատարելագործմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանցքային գործառույթների համակարգման գծով խորհրդական, ԵՊՀ դասախոս Եվգինե Վարդանյանը, ընդգծելով աշխատուժի պլանավորման, կազմակերպման և հզորացման գործընթացներում բուհերի առաջնային դերակատարումը, նշեց. «Տարբեր ուղղություններում կադրերի պատրաստման և շարունակական կրթության տեսանկյունից ԵՊՀ-ն առաջատարներից է, և սոցիալական ոլորտը ևս բացառություն չէ՝ հանձին Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի»:
Եվգինե Վարդանյանն ընդգծեց, որ պետությունը դեռևս չունի աշխատուժի հզորացման և զարգացման ռազմավարություն, և հույս հայտնեց, որ այս հետազոտությունը ներկայացված խնդիրներով ու առաջարկներով կնպաստի ավելի թիրախային և հասցեական ռազմավարություն մշակելու և իրականացնելու հարցում:
Նշենք, որ հետազոտությունը կատարվել է ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող «Տվյալներ ազդեցության համար» («Data for Impact» (D4I)) ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովին առցանց և անցանց տարբերակով մասնակցում էին գործընկեր կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի մոտ 30 ներկայացուցիչներ: