Հեղինակավոր ակադեմիական հաստատությունների միջև գլոբալ համագործակցության ընդլայնման շարունակական նախաձեռնության շրջանակում ԱՄՆ Հյուսթոնի համալսարանի լիբերալ արվեստի և սոցիալական գիտությունների քոլեջի դեկան Դենիել Պ. Օ'Քոնորը և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը համագործակցության հուշագիր են կնքել՝ համատեղ նախագծերը զարգացնելու նպատակով:
Հյուսթոնի համալսարանի լիբերալ արվեստի և սոցիալական գիտությունների քոլեջի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի տեղակալ, դոկտոր Ստելլա Գրիգորյանի և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանի՝ նախորդ չորս տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ կողմերի միջև կնքվել է այս հուշագիրը: Դասախոսները համագործակցում են իրենց սոցիոլոգ և սոցիալական աշխատող ուսանողների համար կիսամյակի ընթացքում միասին առցանց սովորելու հնարավորություններ ստեղծելու, ուսանողական համատեղ նախագծեր մշակելու և մտքերի փոխանակման ուղղությամբ:
Այսօրինակ նախագծերը նպաստում են միջմշակութային հաղորդակցման և փոխըմբռնման զարգացմանը:
Ստորագրված հուշագիրը կխթանի համապատասխան ֆակուլտետների միջև հետագա համագործակցությունը: