Միջազգային ակադեմիական շարժունակության ծրագրի շրջանակում ս.թ. սեպտեմբերին ՌԴ-ում տեղի է ունեցել Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ՀԶԱԳԻ) ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի, Աբխազիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի 10 երիտասարդ գիտնականների հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Անրիետա Կարապետյանը։
Միջազգային ակադեմիական շարժունակության ծրագիրը ստեղծվել է բարեկամ երկրների միջև գիտական հաղորդակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Շարժունակության ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին՝ ուսումնասիրելու ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջերկրային հաղորդակցությունների, դիվանագիտության, միջազգային համագործակցության, երկրների և տարածաշրջանների կայուն զարգացման ոլորտում առկա խնդիրները:
Ծրագրի մասնակիցները կատարեցին իրենց գիտական ուսումնասիրությունները ռուս առաջատար գիտնականների և փորձագետների ղեկավարությամբ, ծանոթացան հետազոտությունների և զարգացման գիտահետազոտական ինստիտուտի հիմնական գործունեությանը և խոսեցին սեփական հետազոտության թեմայի մասին, որը կատարել են շարժունակության ծրագրի շրջանակում։
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Անրիետա Կարապետյանը իր «Հայ օգտատերերի հաղորդակցական նախընտրությունները վիրտուալ սոցիալական ցանցերում» թեմայով գիտական աշխատանքը կատարեց Մոսկվայի պետական համալսարանի հանրային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Վլադիմիրովիչ Վոլոդենկովի ղեկավարությամբ։
Հավելենք, որ երիտասարդ գիտնականը ծրագրին մասնակցում է ԵՊՀ-ի և ՀԶԱԳԻ-ի միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում։