Նոյեմբերի 13-ն ավանդաբար նշվում է որպես Սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման օր: Այս տարի լրանում է ֆակուլտետի հիմնադրման 19-րդ տարին: Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը մեթոդական սեմինարների շրջանակում օրվա առթիվ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց զեկուցում, որը վերաբերում էր Հայաստանում Արցախից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի կազմակերպման և ճգնաժամային պայմաններում աջակցության մոդելների և մեխանիզմների արդիականացման հնարավորություններին:
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում մարդու հոգեկան բարեկեցության պահպանմանն աջակցելու մոտեցումները, մարդու հոգեկան դիմակայության գործոնները, արտաքին և ներքին կորուստները: Հատուկ ուշադրության արժանացավ «զրո միջամտության» և «գերմիջամտության» ռիսկերի վերլուծությունը:
Մ. Անտոնյանը ներկայացրեց ավանդական խոցելիության հենքով արձագանքից դեպի դիմակայության վրա հիմնված արձագանքի աջակցության հարացույցի փոփոխության անհրաժեշտությունը ստեղծված պայմաններում: Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ Մ. Անտոնյանն առաջարկեց առանձնացնել Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության չորս մակարդակներ՝ առաջնային ծառայություններ և անվտանգության ապահովում, համայնքային և ընտանեկան աջակցության ծառայություններ, մասնագիտացված ծառայություններ, նեղ մասնագիտացված ծառայություններ:
Որպես արդյունք՝ բանախոսը ներկայացրեց դիմակայության ամրապնդման վրա հիմնված սոցիալ-հոգեբանական ծառայությունների մոդելը: