ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի ուսանողների գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են ճանաչողական այցեր սոցիալական աշխատանք իրականացնող տարբեր կազմակերպություններ։
Կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողների համար «Սոցիալական վերականգնում» և «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» դասընթացների շրջանակում հոկտեմբերի 18-ին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նունե Գեղամյանը կազմակերպեց ճանաչողական այց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ուսանողները ծանոթացան կենտրոնի կառուցվածքին և գործառույթներին, սոցիալական աշխատողների աշխատանքին, փաստաթղթաշրջանառության առանձնահատկություններին և հարակից այլ հարցերի:
Նոյեմբերի 15-ին ուսանողները դասախոսի հետ այցելեցին Գյումրիի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների զարգացման կենտրոն, շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան կենտրոնի սոցիալական ծառայություններին, սոցիալական աշխատողների հետ քննարկեցին մասնագիտական գործառույթները, դժվարությունները և մարտահրավերները:
«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողը ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի մոդելին, ներկայացրեց երիտասարդների հետ աշխատողի դերն իրենց համայնքում և կենտրոնում իրականացվող ծրագրերը։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ուսանողներին հետաքրքող հարցերը, ինչպես նաև սոցիալական աշխատանքի և երիտասարդների հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները։