Մարտի 14-15-ը Փարիզում անցկացվեց «Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion») գիտաժողովը, որը նախաձեռնել էին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Միգրացիայի ֆրանսիական համագործակցության ինստիտուտը, Սորբոնի համալսարանը, Նուբարյան գրադարանը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և ՀԲԸՄ աջակցությամբ։
Վերջին տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում հայկական սփյուռքն ինտենսիվորեն փոխակերպվում է, ինչի պատճառով այն հայտնվել է հայ և ամբողջ աշխարհի գիտնականների պարբերական ուսումնասիրությունների ու հետազոտությունների առանցքում։ «Հայկական սփյուռքը շարժման մեջ» երկօրյա գիտաժողովի նպատակն էր անդրադառնալ հայկական սփյուռքի ժամանակակից վերափոխումներին, բացահայտել դրանց բազմազանությունը, առանձնահատկություններն ու դինամիկան։
Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ս․գ․թ․ Նվարդ Մելքոնյանը և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Յուլիա Անտոնյանը։
Նվարդ Մելքոնյանը «Վերադարձող սփյուռք և սփյուռքի վերադարձի ձևեր» խորագրով պանելային քննարկման ընթացքում ներկայացրեց իր և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանի շարունակական հետազոտության արդյունքները՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից և Ուկրաինայից դեպի Հայաստան ծագումով հայերի միգրացիայի վանող-ձգող գործոնների ուսումնասիրությանը։ Սույն հետազոտությունը մեկնարկել էր 2022 թվականի ապրիլից։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի վանող-ձգող գործոնները․ «ռելոկացիա՞», թե՞ հայրենադարձության նոր ալիք» ելույթի ընթացքում Նվարդ Մելքոնյանը խոսեց ուկրաինական ճգնաժամի արդյունքում ՀՀ տեղափոխված հայերի՝ Հայաստանում ինտեգրման խնդիրներից ու առանձնահատկություններից, անդրադարձավ մի շարք կարևոր գործոնների, որոնք նպաստում են արդյունավետ հարմարվելուն ու հայրենադարձությանը և այնպիսի հանգամանքների, որոնք ռիսկային են և կարող են «վանել» վերադարձած հայերին ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Քննարկվեցին նաև առաջարկությունները՝ ուղղված նմանօրինակ հայրենադարձությանը նպաստելուն։
Յուլիա Անտոնյանի զեկույցը նվիրված էր լիբանանահայ համայնքի ժամանակակից կրոնական զարգացումներից մի դրվագին՝ «Կյանքի աղբյուր» ավետարանական եկեղեցու ձևավորմանը։ Հետազոտությունը հիմնականում կատարվել է 2007-2008 թթ․, սակայն հետագա դիտարկումները դարձել են շարունակական։ Հետազոտությունը անդրադառնում է հին և նոր կրոնականության մոդելների բախմանը ու գոյատևմանը, եկեղեցու անդամների նոր ինքնությունների ձևավորմանը և ազգային շրջանակում նրանց գոյատևման վերաձևակերպմանը։
Երկօրյա հագեցած օրակարգով գիտաժողովին մասնակիցներն ունեցան հետաքրքիր քննարկումներ, փորձի և արժեքավոր գիտելիքի փոխանակման հնարավորություններ։