Ս․թ․ մարտի 20-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դասընթացն անցկացվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի կողմից՝ «Վորլդ Վիժն Հայաստան», «Մանկական զարգացման հիմնադրամ» կազմակերպությունների հետ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի շրջանակում, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
Դասընթացին մասնակցել են ՀՀ Կոտայքի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի համայնքների 11 համայնքային ծառայողներ, որոնք զբաղեցնում են սոցիալական աշխատողի հաստիք կամ կատարում են պաշտոնի անձնագրով իրենց վերագրված սոցիալական աշխատողի գործառույթներ:
Դասընթացն անցկացվել է ինչպես լսարանային, այնպես էլ առցանց ուսուցման եղանակներով։ Մասնակիցներն ունեցել են սուպերվիզիայի հանդիպումներ, որոնց նպատակն էր պրակտիկ խորհրդատվության միջոցով նպաստել սոցիալական բարդ դեպքերի և մասնագիտական գործունեության ընթացքում ծագած այլ խնդիրների լուծմանը:
Մասնակիցներն այցելել են Հայաստանում գործող պետական և հասարակական սոցիալական 6 ծառայություններ։