Սոցիալական աշխատողի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 19-ից 22-ը Թայլանդում տեղի է ունեցել սոցիալական աշխատողների եվրասիական 15-րդ ֆորումը, որի նպատակն էր սոցիալական աշխատանքի՝ եվրոպական և ասիական տարածաշրջանների միջև խաչմերուկների ձևավորումը:
«BUEN VIVIR․ հանուն փոխակերպումների համատեղ ապագայի սոցիալական աշխատանքի հեռանկարը եվրասիական տարածաշրջանում» խորագրով ֆորումի շրջանակում Եվրոպայի և Ասիայի շուրջ 24 երկրների 150 ներկայացուցիչներ քննարկել են Կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից առկա համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերները, մարդու իրավունքների ոտնահարումները և այդ համատեքստում նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները սոցիալական աշխատանքում։
Թայլանդի սոցիալական աշխատողների մասնագիտական միավորման հրավերով ֆորումին մասնակցել է նաև ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Տաթևիկ Կարապետյանը։ Նա Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մանանե Պետրոսյանի հետ հանդես է եկել «Սոցիալական աշխատանքի համայնքային կենտրոնները՝ որպես սոցիալական ինտեգրման հանգույցներ տեղահանման համատեքստում» զեկույցով՝ անդրադառնալով Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմանն ու դրա արձագանքման մեխանիզմներին՝ ներկայացնելով նմանօրինակ մարտահրավերներին արձագանքելու հայաստանյան փորձը։
Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան մարտի 14-17-ը ծանոթանալու Թայլանդում գործող պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների աշխատանքներին և շրջայց կատարելու կազմակերպություններում։