Ս․թ․ ապրիլի 11-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Արի՛ PR» իրազեկման արշավի շրջանակում անցկացվող և արդեն ավանդույթ դարձած տեղեկատվական հանդիպումը, որն այս տարի համախմբել էր Երևանի, ինչպես նաև ՀՀ մարզերի ավագ դպրոցների ավարտական դասարանների 60-ից ավելի աշակերտների։
Հանդիպման շրջանակում մասնակիցները քննարկեցին հասարակայնության հետ կապերի մասնագետների դերն ու գործառույթները, PR մասնագիտության արդի մարտահրավերներն ու առավելությունները, պահանջված մասնագետ դառնալու ուղիները և «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագրի մանրամասներն ու առավելությունները:
«Հասարակայնության հետ կապեր» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավար, ս․գ․թ․, դոցենտ Նվարդ Մելքոնյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, ակնկալվող վերջնարդյունքները, ծանոթացրեց ծրագրի առավելություններին, պրակտիկ փորձ ձեռք բերելու, քննարկումների և գործնական նախագծերի միջոցով հայտնի մասնագետների հետ շփվելու հնարավորություններին:
«Երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում գործում է «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագիրը, սակայն այն արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել։ Անցյալ տարի մենք բազմաթիվ դիմորդներ ունեինք․ մրցույթը բավականին թեժ էր, և այսօր մենք ունենք հրաշալի ուսանողներ»,- նշեց Նվարդ Մելքոնյանը։
«Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ղեկավարը նաև անդրադարձավ «Արի՛ PR» ամենամյա միջոցառման կազմակերպման մանրամասներին՝ նշելով, որ այն ամբողջապես ծրագրի ուսանողների նախաձեռնությունն է։
«Յուրաքանչյուր տարի մենք անցկացնում ենք «Արի՛ PR» իրազեկման արշավը թե՛ մագիստրոսական, թե՛ բակալավրի կրթական ծրագրերի դիմորդների համար։ Այս տարի «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագրի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները համատեղ նախագծել էին ամբողջ արշավը։ Նրանք կազմել էին արշավի ռազմավարությունը, ընտրել թիրախային լսարանները, գործիքները, մշակել և իրականացրել այն հիմնական միջոցառումները, որոնց շրջանակում կատարվել է դիմորդների տեղեկացումը։ Մեր ուսանողներն այցելել են Երևանի և մարզերի տարբեր ավագ դպրոցներ, աշակերտների հետ շփվել հանդիպում-քննարկումների հետաքրքիր խաղային ձևաչափերով: Իսկ արշավը եզրափակվեց դիմորդների այցով հենց մեր ֆակուլտետ, որտեղ նրանց դիմավորեցին ֆակուլտետի ղեկավարությունն ու ծրագրում դասավանդող լավագույն դասախոսները։ Եվ, իրապես, հանդիպումը ստացված էր․ այն անցավ շատ ջերմ մթնոլորտում»,- ընդգծեց Ն․ Մելքոնյանը։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում «Արի՛ PR» տեղեկատվական հանդիպման ընթացքում կրթական ծրագրի դասախոսները ներկայացրին այն առարկաները, որոնց շնորհիվ ուսանողը ձեռք է բերում համակողմանի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են PR-ի, բրենդինգի, գովազդի, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցության ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում արդյունավետ գործունեություն ծավալելու համար։
«2024 թվականին PR-ը համարվում է ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունը freelance ոլորտում» - ասաց 2-րդ կուրսի ուսանող Էլենան, որը, ուսմանը զուգահեռ, արդեն իսկ աշխատում է իր ընտրած մասնագիտությամբ։
Ե՛վ առաջին, և՛ երկրորդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց պատմություններն ու վստահեցրին դիմորդներին՝ եթե կա նպատակ, ապա հստակ քայլերով պետք է գնալ և հասնել սահմանված նպատակին։
Հանդիպման ավարտին ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար «Արի՛ PR»-ի մասնակիցները ստացան տեղեկատվական թերթիկներ (բուկլետներ) և թեմատիկ հուշանվերներ: