2024 թվականի ապրիլի 18-19-ը Իլիայի պետական համալսարանում (Թբիլիսի, Վրաստան) ERDAM (Ռուսական սփյուռքի ձևավորումը և հակապատերազմական ակտիվիզմը) հետազոտական ցանցի կողմից Խաղաղության հետազոտությունների գերմանական հիմնադրամի (DSF) համաֆինանսավորմամբ կազմակերպվել է «Խոշորացնելով և խորացնելով. մեծ Եվրոպայում ռուսական սփյուռքի և հակապատերազմական ակտիվիզմի հայեցակարգումը» աշխատաժողովը։
ERDAM հետազոտական ցանցը նախաձեռնել է Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային հետազոտությունների կենտրոնը (ZOiS), որը տարբեր գիտակարգերից միավորում է այն երիտասարդ և փորձառու հետազոտողներին, որոնք ուսումնասիրում են ռուսների միգրացիան և քաղաքական ու հակապատերազմական ակտիվիզմը տարբեր երկրներում ռուս-ուկրաինական պատերազմի երկու տարիների ընթացքում։
Աշխատաժողովի նպատակն էր պատկերացում կազմել մեծ Եվրոպայում պատերազմի հետ կապված ռուսական միգրացիայի, նախորդ ալիքների միգրանտների և նոր միգրանտների փոխազդեցության, ինչպես նաև նոր ռուսական սփյուռքի ձևավորման գործընթացների մասին: Սփյուռքը կարող է միջնորդի դեր ստանձնել ազգային պետություններից դուրս և ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների վրա: Ավելին, թվայնացված աշխարհում սփյուռքը կարող է նոր ուժ դառնալ՝ երկրների միջև թե՛ դրական, թե՛ բացասական փոխգործակցության խթանման առումով:
Բազմագիտակարգային աշխատաժողովին մասնակցեցին պատմաբաններ, մարդաբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ և սոցիալական աշխատողներ ZOiS-ից, Լեհաստանի գիտությունների ակադեմիայից, Իտալիայի մանկավարժության բարձրագույն դպրոցից, Լեյբնիցի հողերի ինստիտուտից, Սանկտ Պետերբուրգի անկախ սոցիալական հետազոտությունների կենտրոնից (CISR), Կոպենհագենի, Արևելյան Ֆինլանդիայի, Բերգենի (Նորվեգիա), Լատվիայի, Վիտաուտաս Մագնուսի (Լիտվա), Մագդեբուրգի, Գրենոգլի (Ֆրանսիա) համալսարաններից, Թբիլիսիի, Իլիայի և Երևանի պետական համալսարաններից։
Աշխատաժողովին մասնակցեց ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանը և ապրիլի 19-ին ներկայացրեց իր և նույն ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանի վերջին հետազոտությունը՝ «Պատերազմի վիզուալիզացումը. քարոզչություն և հակապատերազմական շարժումներ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում»։ Այն ընդգրկված էր աշխատաժողովի 4-րդ պանելում՝ «Բառեր ու պատկերներ պատերազմի և սփյուռքի դիմադրության վերաբերյալ» խորագրով:
Յու. Մելքումյանը վերլուծեց վիզուալ հաղորդակցումը և վիզուալացման գործիքները, որոնք օգտագործվում են, երբ կարիք կա պատկերելու տարբեր ժամանակներում և վայրերում տեղի ունեցող իրադարձություններն այնպես, որ պատերազմն ավելի մոտ և շոշափելի դառնա։ Ռուսական ներխուժումն Ուկրաինա հրահրեց պատերազմի վիզուալիզացիայի նոր ալիքներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում կառուցակցելով տարբեր, նույնիսկ հակադիր իրողություններ։ Հետազոտության մեջ ուսումնասիրվել են 2022 թվականի փետրվարի 24-ից հետո ստեղծված պատերազմի պատկերները, վերլուծվել այդ պատկերների հաղորդակցման միջոցները և դրանց միջոցով փոխանցվող հաղորդագրությունները, այդ թվում՝ եվրոպական, ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների ու ռուսական հակապատերազմական շարժումների կողմից, որոնք հիմնականում արտադրում են ռուս ռելոկանտները։