ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում ս․թ․ հունիսի 6-ին անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Արի՛ PR» տեղեկատվական հանդիպումը, որն այս տարի ևս PR-ի շուրջն էր համախմբել տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողներին:
Հանդիպման շրջանակում «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները ներկաներին պատմեցին ծրագրի, դրա առավելությունների, իրենց փորձառությունների և հաջողությունների մասին։
Միջոցառման սկզբում «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ղեկավար, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը ողջունեց ներկաներին և պատմեց մասնագիտության կարևորության մասին՝ անդրադառնալով 21-րդ դարում ժամանակակից հասարակություններում տեխնոլոգիական զարգացման արդի պայմաններում հաղորդակցության դերի սրընթաց աճին։
«Հաղորդակցական արշավների ռազմավարական պլանավորումն ու իրականացումը ցանկացած կազմակերպության հաջողության հիմքում են, և մեր ծրագրի նպատակն այն է, որ ուսանողը ձեռք բերի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, զարգացնի ռազմավարական մտածողությունը, սովորի հաղորդակցվել գրագետ և արդյունավետ՝ պահպանելով հաղորդակցման էթիկան»,- նշեց Ն. Մելքոնյանը:
Մագիստրոսական ծրագրի այս տարվա շրջանավարտներն ապագա դիմորդներին պատմեցին իրենց բուռն և հագեցած մեկամյա ուսանողական կյանքի մասին և փաստեցին, որ կրթական ծրագրում սովորելուց հետո ամեն ինչում թաքնված իմաստ են փնտրում, կլինի գովազդ, ֆիլմ, երաժշտություն, ճարտարապետություն, թե պարզապես նկար:
«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրում ուսումնասիրվող դասընթացների մասին խոսեցին նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը և Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանը։
Ելույթներից հետո ներկաները հարցեր ուղղեցին դասախոսներին և շրջանավարտներին, իսկ հանդիպման ավարտին «Արի՛ PR»-ի մասնակիցները ստացան թեմատիկ հուշանվեր: