«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի փորձագիտական խումբն իրականացրել է «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» խորագրով մոդուլի թվայնացման աշխատանքները և պատրաստել է էլեկտրոնային ուսուցման ինտերակտիվ դասընթաց։
Երևանի պետական համալսարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) բարեգործական կազմակերպության համագործակցության շրջանակում դեռևս 2020 թ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայում ներդրվել է համայնքային սոցիալական աշխատողների համար նախատեսված «Համայնքային սոցիալական աշխատանք» 11-ամսյա դասընթացը։
2022 թ․ սեպտեմբերին մեկնարկած հերթական դասընթացում արդեն իսկ ներառվել է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորած և ՎՎՀ կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի փորձագիտական ռեսուրսներով մշակված «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» մոդուլը, որի ուսուցումը մեկնարկել է ս.թ. ապրիլի 3-ից։
Վերոնշյալ ծրագրի շրջանակում ԵՊՀ փորձագետների ստեղծած ինտերակտիվ դասընթացը կիրառելի է այս թեմայով վերապատրաստումներիև ուսուցման ժամանակ:
Վերապատրաստան մասնակիցների շրջանակի ընդլայնումը և դասընթացի արդյունավետության բարձրացումը կնպաստեն սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը, ինչն էլ հնարավորություն կտա բացահայտելու թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, նրանց պատշաճ ուղղորդելու, ինչպես նաև տրամադրվող սոցիալական աջակցությունը բարելավելու։
Նշենք, որ ԵՊՀ փորձագետների ստեղծած էլեկտրոնային դասընթացն իր տեսակով եզակի է, քանի որ նմանօրինակ թեմաներով ինտերակտիվ դասընթացներ դեռևս չկան Հայաստանում: