1990 թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է միջազգային հարաբերությունների բաժին, որը 1991-1992 ուստարվանից գործել է պատմության ֆակուլտետի կազմում։ 1993 թ. ապրիլին հիմնադրվել է միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնը, որը հետագայում վերանվանվել է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն: ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ 1998 թ․ սեպտեմբերի 16-ին պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի հենքի վրա ստեղծվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որի կազմում ընդգրկվել է նաև փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնը:
Տարիների արդյունավետ և հսկայածավալ աշխատանքի շնորհիվ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը աստիճանաբար դարձել է Երևանի պետական համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկը: Ֆակուլտետի կայացման և ուսումնական գործընթացի կազմակերպման գործում անուրանալի ավանդ են ունեցել պրոֆեսորներ Էդ. Զոհրաբյանը, Գ. Պետրոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Բայբուրդյանը, Ի. Բալյանը, Գ. Մեղրյանը և այլ նվիրյալներ:
Ֆակուլտետում հիմնարար հետազոտություններ են կատարվում հետևյալ ուղղություններով՝
- միջազգային հարաբերությունների տեսություններ,
- արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն,
- քաղաքագիտության տեսություն և պատմություն,
- քաղաքական ինստիտուտների ու գործընթացների հետազոտություն,
- հանրային կառավարում,
- հանրային քաղաքականության մշակում ու կառավարում:
Ֆակուլտետը մշտապես կատարելագործում և բարելավում է կրթական ծրագրերը, ինչի շնորհիվ ուսանողները ստանում են ժամանակի կրթական պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն: Ֆակուլտետի առաջարկած կրթական ծրագրերը կազմվել են՝ հիմք ընդունելով ֆակուլտետի որդեգրած ռազմավարությունը, միջազգային չափորոշիչները և արտասահմանյան լավագույն փորձը:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետում ակտիվ է գիտահետազոտական կյանքը: Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մասնակցում են միջազգային ու հանրապետական գիտաժողովների, սեմինարների, աշխատաժողովների, հանդես են գալիս զեկուցումներով, իսկ գիտական ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվում են մենագրությունների և գիտական հոդվածների տեսքով:
Ֆակուլտետը հրատարակում է «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» և «Political Science» գիտական պարբերականները, որոնք ներառված են ՀՀ ԲՈԿ-ի համար ընդունելի պարբերականների և գիտական հանդեսների շարքում, ինչպես նաև միջազգային գիտական շտեմարաններում:
Գիտակրթական գործունեությունն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առանձնակի կարևորվում են տեղական ու միջազգային համագործակցությունը և գործընկերների հետ համատեղ աշխատանքը: Ֆակուլտետն ակտիվ համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի և պետական այլ մարմինների ու գերատեսչությունների հետ, որտեղ էլ ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում հնարավորություն են ստանում անցնելու մասնագիտական պրակտիկա: Առկա է ընդլայնված համագործակցություն նաև միջազգային գիտական կենտրոնների ու հաստատությունների հետ, ինչի լավագույն վկայությունն է ֆակուլտետի դասախոսական անձնակազմի և ուսանողների՝ շարժունության ծրագրերին ակտիվ մասնակցության, միջագային կրթական ծրագրերում ընդգրկվածության, մեծ հեղինակություն ու ճանաչում ունեցող մասնագետների ներգրավմամբ դասախոսությունների (նաև առցանց) կազմակերպման՝ օր օրի աճող ցուցանիշը:
Ֆակուլտետում ակտիվ է նաև ուսանողական կյանքը․ գործում են ֆակուլտետային ուսանողական կառույցները, ինչպես նաև Երիտասարդ միջազգայնագետների ակումբը:
Ֆակուլտետը ունի նաև խորհրդանշական ավանդույթներ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերի 1-ին, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար առաջին դասախոսությունը կարդում է ՀՀ արտաքին գործերի նախարարը: Առաջինկուրսեցիները հնարավորություն են ստանում ծանոթանալու միջազգային և տարածաշրջանային քաղաքական գործընթացներին և իրենց հարցերն ուղղելու արտաքին գործերի նախարարին: Բացի դրանից՝ ավանդույթ է դարձել տարեկան գիտական նստաշրջանի կազմակերպումը, իրողություն, որը հանրագումարն է գիտակրթական այն աշխատանքների, որոնք կատարվում են ֆակուլտետում, և արդյունքը այն բացահայտումների, ուսումնասիրությունների ու հետազոտությունների, որոնց ուղղությամբ կենտրոնացած է ֆակուլտետի գիտական ներուժը:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները ուսուսմնառության ընթացքում ձեռք բերած խոր և համակարգված գիտելիքները լավագույնս կիրառում են թե՛ պրակտիկ աշխատանքում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ։ Նրանք հաջողությամբ աշխատում են ինչպես ակադեմիական, այնպես էլ միջազգային կապերի և միջպետական համագործակցության ոլորտներում, պետական կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում։