Ամերիկագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 2 տարի։
Շնորհվող որակավորումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (ԱՄՆ պետքարտուղարության) կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի շրջանակում՝ 2020 թ. ԵՊՀ-ում ստեղծված ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կողմից։
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում՝ ներառյալ դասավանդողների կարգավիճակում ASU (School of Social Transformation) դասախոսական կազմի, ինչպես նաև «Fulbright» ծրագրերի ASU հետազոտողների և դասախոսների ընդգրկմամբ։ Ավելին՝ կրթական ծրագրի դասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ծրագրի մեկնարկի նախաշեմին մեկնել էին Արիզոնայի պետական համալսարան՝ անցնելու վերապատրաստման հատուկ ծրագիր և մշակելու «Ամերիկագիտություն» կրթական ծրագրում ընդգրկված դասընթացները։
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր։
2024-2025 ուսումնական տարվա ընդունելության ժամանակացույց
Առաջին փուլ
- Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. հունիսի 1-28-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
- Ընդունելության քննություններն անցկացվելու են 2024 թ. հուլիսի 2-ին:
Երկրորդ փուլ
- Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 16-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
- Ընդունելության քննություններն անցկացվելու են 2024 թ. օգոստոսի 22-ին և 23-ին:
Ծրագրի նպատակը
Առաջարկվող մագիստրոսական կրթական ծրագիրը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առաջինն է իր տեսակի մեջ։ Վերջինիս հիմնական նպատակն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառել ԱՄՆ-ի հետ կապված տարբեր ոլորտներում՝ ամերիկյան քաղաքականություն և տնտեսություն, մեդիադաշտ և հանրային կարծիք, ԱՄՆ կառավարական համակարգ և հանրային քաղաքականություն, մշակույթ, աշխարհագրություն և այլն:
Առավելությունները
Ամերիկագիտությունը (American Studies)՝ որպես առանձին գիտակարգ և մագիստրոսական կրթական ուղղություն, վաղուց արդեն կայացած կրթական և ակադեմիական ոլորտ է։
Ծրագրի առավելություններն են՝
- մասնագիտական կարիերայի հնարավորությունների ստեղծում միջազգային հարաբերությունների բնագավառում, ԱՄՆ-ի հետ կապված կամ ամերիկյան հովանու ներքո գործող միջազգային կազմակերպություններում, ամերիկյան մշակութային և հասարակական կառույցներում, ինչպես նաև ամերիկյան բիզնեսին և կորպորատիվ ինստիտուտներին առնչվող ոլորտներում,
- պրակտիկայի հնարավորություններ,
- կրթաթոշակի շնորհման հնարավորություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով,
- Արիզոնայի պետական համալսարանի կողմից իրականացվող հավաստագրային կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն (Certificate Program)։
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի առաջարկած «Ամերիկագիտություն» կրթական ծրագրի հիմնական դասընթացներն ունեն հետևյալ ուղղվածությունները․
ԱՄՆ արտաքին քաղաքականություն,
Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում ամերիկյան ռազմավարական շահեր,
ԱՄՆ էներգետիկ քաղաքականություն և շրջակա միջավայր,
ԱՄՆ Կառավարություն և հանրային քաղաքականություն,
քաղաքատնտեսություն, բիզնես և ԱՄՆ կորպորացիաներ,
ամերիկյան հասարակություն, տարածաշրջանային քաղաքականություն և ամերիկահայ սփյուռք,
ԱՄՆ Սահմանադրություն և դատական համակարգ,
ԱՄՆ հանրային և սոցիալական լրատվամիջոցներ և զանգվածային հաղորդակցություն,
հասարակագիտության հետազոտության մեթոդներ,
մասնագիտական (ակադեմիական) գրագրություն:
Կարիերայի հնարավորությունները
«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ԱՄՆ-ին առնչվող տարբեր բնագավառներում։
Կոնտակտներ
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն՝
դոցենտ Վահագն Ագլյան
(+374 91) 541 119
aglyan@ysu.am