Ս.թ. նոյեմբերի 10-12-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեց «CaseKey Academy»-ի կազմակերպած եռօրյա «CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ-2023»-ը, որն այս տարի նվիրված էր «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի հիմնադրման 15-ամյակին:
Մրցույթին մասնակցեցին Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներից կազմված 17 թիմեր: Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած հինգ լավագույն թիմերը եզրափակիչ փուլին մասնակցեցին ժյուրիի ներկայությամբ, որի կազմում էին ՀՀ կենտրոնական բանկի, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի և հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Մրցույթին նախորդած ամիսների ընթացքում թիմերը մասնակցել էին տարբեր միջոցառումների, թրեյնինգների, ինտելեկտուալ խաղերի և ներկայացրել լուծված մինի-քեյսեր:
Մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 6 հոգուց կազմված ուսանողական թիմը, որը բիզնես խաղերի լուծման մրցույթին ցուցաբերեց ակտիվություն և արդյունավետ մասնակցություն:
Բիզնես քեյսերի վրա հիմնված ուսուցումը ֆակուլտետի կրթական գործընթացում առանցքային դերակատարում ունի: Ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, ակադեմիական կրթությանը զուգահեռ, այն ուսանողներին տրամադրում է գործնական հավելյալ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ։ Իրական բիզնես խնդիրների ուղղությամբ աշխատելը նպաստում է ուսանողներին իրենց ընտրած մասնագիտության ոլորտում մրցակցային առավելություններ ձեռք բերելու և ռազմավարական հաղթող ծրագրեր ստեղծելու համար հմտություններ զարգացնելու տեսանկյունից: