ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը, կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նպատակ հետապնդելով բարձրացնելու ստարտափ էկոհամակարգի արդյունավետությունը և բարձրագույն որակավորմամբ համապատասխան մասնագետների պատրաստումը, ստորագրել են համագործակցության եռակողմ համաձայնագիր։
Կողմերի խոսքով՝ համագործակցության արդյունքում ԵՊՀ-ի՝ ի դեմս ֆակուլտետի մասնագիտական ներուժի, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում կուտակված փորձի ու կարողության համադրմամբ հնարավոր կլինի նպաստել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության նորարարական ճյուղերի զարգացմանը, իսկ գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի ստարտափ էկոհամակարգի կատարելագործման համար։
Համաձայնագրով նախատեսվում է համատեղ մշակել ու իրականացնել ստարտափ էկոհամակարգի տարբեր բաղադրիչներին առնչվող կրթական ծրագրեր, այդ թվում՝ «Ստարտափների կառավարում» մագիստրոսական ծրագրի համատեղ իրագործում։ Բացի դրանից՝ ակնկալվում է համատեղ մշակել ու իրականացնել ԵՊՀ-ում ձևավորվող նորարարական գաղափարների, ստեղծվող ստարտափների և բիզնես միավորների խթանման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել ուսանողների պրակտիկան կազմակերպությունում։
Համագործակցության շրջանակում կազմակերպվելու են վերապատրաստումներ, բաց դասեր, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կլոր սեղաններ, սեմինարների և այլ ձևաչափով քննարկումներ։ Բացի դրանից՝ իրականացվելու են համատեղ հետազոտական նախագծեր, հրատարակվելու են ստարտափ էկոհամակարգին, ինչպես նաև նորարարություններին առնչվող այլ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտություններ, զեկույցներ, հոդվածներ, ժողովածուներ, գիտակրթական ու գիտագործնական նյութեր։
Կողմերը վստահ են, որ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ինչպես համալսարանի, այնպես էլ հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման վրա: