Ս.թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը և «ՀՀ մակրոտնտեսական, ժողովրդագրական և բիզնես հատվածի ցուցանիշների վերլուծություն» թեմայով անցկացրեց վարպետաց դաս։
Բանախոսը ներկայացրեց թեմային առնչվող վերջին վիճակագրական ցուցանիշները, զարգացման միտումները ՀՀ-ում, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներն ու կանխատեսումները վերոնշյալ ցուցանիշների առնչությամբ: Հանդիպման ժամանակ դիտարկվեցին նաև ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշները, ոլորտային զարգացումները և դրանց կապը հեռանկարային ծրագրերի նպատակադրումների և գերակայությունների հետ:
Դասախոսությանը ներկա էին «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» կրթական ծրագրերի երրորդ կուրսի ուսանողները և դասախոսներ։
Վարպետաց դասի ժամանակ բանախոսը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին քննարկվող թեմային և հարակից այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ամենաակտիվ 2 ուսանողներ խրախուսվեցին Տ․Ջրբաշյանի՝ տվյալ թեմայով աշխատության հրատարակություններով:
Ամփոփելով վարպետաց դասը՝ ֆակուլտետի փոխդեկան Վ. Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Ջրբաշյանին և հանդիպման նախաձեռնող, ֆակուլտետի դոցենտ Կ. Ասրյանին՝ հանդիպումը համարելով հետաքրքիր և արդյունավետ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կարևորում է ուսումնական գործընթացում ակադեմիական գիտելիքների և պրակտիկ հմտությունների զուգորդումն ու կրթական գործընթացում բուհ-գործատու կապի ամրապնդման անհրաժեշտությունը:
Ֆակուլտետը բարձր է գնահատում բոլոր այն կազմակերպությունների և պետական կառույցների ջանքերը, որոնք պատրաստակամ են և դրական են արձագանքում կրթության կազմակերպման գործում գործնական բաղադրիչի ավելացման նպատակով ֆակուլտետին աջակցելու հարցում: