Ս.թ. մարտի 28-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտագործնական սեմինարի հերթական նիստը: «Էլեկտրոնային կառավարման համակարգերի արդյունավետությունը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը:
Պրոֆեսորի մեկնաբանությամբ ընդգծվեցին թվային տեխնոլոգիաների դերն ու կարևորությունը կառավարման ժամանակակից համակարգերում, ներկայացվեցին էլեկտրոնային կառավարման համակարգերի արդյունավետության գնահատման՝ ինստիտուցիոնալ և տեխնիկական գործոնների ազդեցության էմպիրիկ վերլուծությունները, որոնք իրականացվել էին էլեկտրոնային կառավարման համակարգերի համար 193 երկրների ընտրանքում:
Ռ. Գևորգյանը շեշտեց կատարված հետազոտության նպատակը, այն է՝ ստուգել հանրային կառավարման գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների արդյունավետության վարկածը։ Քննարկումներ ծավալվեցին նաև այն մասին, թե ինչպես է էլեկտրոնային կառավարման համակարգը կախված տեղեկատվական տեխնոլոգիաների և ինստիտուցիոնալ զարգացման մակարդակներից։
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ մյուս համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։