ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտագործնական սեմինարի հերթական նիստը: «Բիզնեսի թվային տոկենիզացման հիմնախնդիրը. հայեցակարգը, նպատակը և լուծման ուղիները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության թեկնածու, Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Արա Քառյանը:
Բանախոսը ներկայացրեց ՀՀ տնտեսության մրցունակ և ներառական աճի հայեցակարգը՝ հիմնված թվային տնտեսության մատրիցի վրա և կառուցված տնտեսության իրական, ֆինանսական և ՏՀՏ հատվածների, ինչպես նաև կրթական ոլորտի թվային կոնվերգենտ զարգացման առանցքով: Դոցենտ Ա․ Քառյանն ընդգծեց, որ վերջինս իր հերթին կառաջացնի սիներգետիկ արդյունք և մրցունակության նոր որակ նշված ոլորտների բոլոր շահառուների, ինչպես նաև սպառողների համար։
Քննարկումներ ծավալվեցին թվային զարգացման ալգորիթմի շուրջ, որը ենթադրում է՝ «ՏՏ+ռազմարդունաբերություն», «ՏՏ+վերամշակող արդյունաբերություն» և կենսական այլ նշանակություն ունեցող ոլորտների կազմակերպությունների բիզնես մատրիցի կառույցում՝ տոկենիզացված ակտիվների բիզնես մոդելի հիմքով:
Շեշտադրվեց բիզնեսի թվայնացման կազմակերպական և իրավական կարգավորումների դերը տնտեսության իրական հատվածի համար, որը միտված է ապահովելու բիզնեսի կառավարման արդյունավետությունը, արտադրողականության բարձրացումը, նորարարությունների խթանումն ու գեներացումը, ինչպես նաև ներդրումային հոսքերի այլընտրանքային հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք։ Սեմինարներին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ։