ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց Վիլնյուսի Գեդիմինասի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Դաիվա Մակուտենիենեն և ուսանողներին ներկայացրեց «Բիոէկոնոմիկան ժամանակակից իրականությունում» թեմայով դասախոսություն:
Արժևորելով ֆակուլտետում անցկացվող այսօրինակ հանդիպումները՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանը նախանշվեցին համատեղ նախագծերի իրականացման վեկտորները, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող սոցիալ-տնտեսական նշանակության կարևոր թեմաներով համատեղ գիտական հետազոտությունների կատարման, ինչպես նաև միջազգային գիտաժողովների անցկացման, նոր կրթական ծրագրերի ներդրման և առկա ծրագրերի արդիականացման ուղղություններով:
Նշենք, որ Վիլնյուսի Գեդիմինասի տեխնիկական համալսարանը Լիտվայի՝ մեծությամբ երկրորդ համալսարանն է, որն աչքի է ընկնում իր որակյալ կրթությամբ և նորարարական մոտեցումներով:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ կկարողանան համատեղ մի շարք ծրագրեր իրականացնել՝ նպաստելով գիտակրթական բնագավառի արդյունավետության բարձրացմանը, գործընկերային կապերի ամրապնդմանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդլայնել միջազգային գործակցության շրջանակը՝ ակտիվացնելով գիտակրթական կապերը միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: