Մայիսի 30-31-ը ԶՊՄԿ-ում կայացավ ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք բերվեցին համագործակցության պայմանավորվածություններ:
Աշխատաժողովի մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ, ոլորտի գիտնականներ։ Աշխատաժողովին մասնակցեցին նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և կազմակերպության ղեկավար կազմը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից աշխատաժողովին մասնակցեցին դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը, որոնք հանդես եկան «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցմամբ:
Զեկույցներն ու քննարկումները հիմնականում վերաբերում էին ոլորտի սոցիալ-տնտեսական, բնապահպանական և կայուն զարգացման խնդիրներին:
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը աշխատաժողովի թեման չափազանց արդիական և կարևոր համարեց՝ շեշտելով, որ արտադրության և գիտական մտքի համագործակցությունը առաջխաղացման գլխավոր նախապայմաններից է:
Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ամփոփ ներկայացրեց ձեռնարկության վերջին տարիների գործունեությունը, հաջողություններն ու հիմնական ձեռքբերումները:
Տնտեսագետներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպիսի խնդիրների առջև է կանգնած ոլորտը տարադրամի փոխարժեքների և պղնձի միջազգային շուկայական գների տատանման պայմաններում: Երկօրյա աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն այցելեցին բացահանք և ջարդիչ կայան:
Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ հրավիրյալ մասնագետներն անդրադարձան Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման արդի խնդիրներին և զարգացման հեռանկարներին:
ԶՊՄԿ-ում անցկացված երկօրյա աշխատաժողովն իր բնույթով և գիտագործնական նշանակությամբ աննախադեպ էր և արդյունավետ, որի շրջանակում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Տնտեսագիտության և կառավարման, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների և ԶՊՄԿ համատեղ հետազոտական նախագծերի իրականացման ուղղությամբ: