Տնտեսագիտությունը և կառավարումը մարդկային կենսագործունեության կարևորագույն այն ոլորտներից են, որոնք ազդեցություն են ունենում հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա. միջազգային առևտրից մինչև սոցիալական քաղաքականություն, ֆինանսների կառավարումից մինչև զարգացման ռազմավարությունների մշակում։
Տնտեսագիտությունն ու հարակից մասնագիտությունները 21-րդ դարում վերաիմաստավորվել են՝ հնարավորություն ստանալով վերլուծելու տվյալները, կատարելու մասնագիտական կանխատեսումներ և կայացնելու հիմնավորված որոշումներ, ինչի շնորհիվ թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ կազմակերպությունները, թե՛ կառավարական կառույցները հնարավորություն են ունենում արդյունավետ բաշխելու առկա սահմանափակ ռեսուրսները և բարձրացնելու կյանքի որակը։
Արագ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է նույնքան արագ արձագանքել ոլորտային տարաբնույթ փոփոխություններին։ Գաղտնիք չէ՝ ժամանակակից աշխարհում գերատեսչություններն ու կազմակերպությունները պարբերաբար բախվում են տնտեսական խնդիրների, որոնց թվում են ֆինանսատնտեսական ճգնաժամերը, պարենի անբավարարությունը, աղքատությունն ու գնաճը: Հմուտ տնտեսագետները և կառավարման մասնագետները փնտրում են հենց դրանց լուծման ուղիները։ Դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, որակավորված տնտեսագետների և կառավարիչների պահանջարկն անընդհատ աճում է։
Գործարար ոլորտում գնալով մեծանում են ռիսկն ու անորոշությունը. խելամիտ կառավարիչների շնորհիվ հնարավոր է ոչ միայն ճշգրիտ որոշումներ կայացնել, կառավարել կազմակերպության ֆինանսները, այլև կառավարել մարդկային ռեսուրսները և մշակել իրատեսական նախագծեր ու ռազմավարություններ։
ՀՀ աշխատաշուկայում տնտեսագետներն ունեն մեծ պահանջարկ, ինչը նպաստում է, որ մասնագետների եկամուտը կրկնակի գերազանցի ՀՀ միջին աշխատավարձի չափը։
Տնտեսագետների հիմնական առաջնահերթություններից է տնտեսական զարգացման մեջ առավելագույն նպաստ բերելը։ Դժվար է գտնել տնտեսական շահի, էթիկական և բնապահպանական խնդիրների ճիշտ հավասարակշռություն, քանի որ դա պահանջում է համապարփակ պատկերացում ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական և բնապահպանական համակարգերի փոխառնչությունների մասին։
Նմանօրինակ հմտություններ, մրցունակ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստող բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրեր է առաջարկում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։
Բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերում կրթությունը կազմակերպվում է հետևյալ նեղ մասնագիտացումներով՝ «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ», իսկ մագիստրատուրայում՝ «Գործարար վարչարարություն» (կառավարում)», «Շուկայագիտություն» (մարքեթինգ)», «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Տվյալների գիտությունը բիզնեսում», «Ինովացիոն կառավարում», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսական քաղաքականություն և իրավունք»։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կրթական ծրագրերում զուգակցված են ակադեմիական գիտելիքի ու պրակտիկ հմտությունների կատարելագործումը։ Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ունենալով դասավանդման հարուստ փորձ և համատեղելով դասախոսական աշխատանքը պրակտիկ գործունեության հետ, ապահովում է որակյալ, արդիական և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն։
Ուսումնառության երկրորդ կուրսի առաջին կիսամյակից սկսած՝ ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային կրեդիտային շարժունության, ինչպես նաև ԵՊՀ և գործընկեր համալսարանների միջև ուսանողական փոխանակման ծրագրերի:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ֆինանսաբանկային, բիզնեսի կառավարման, պետական կառավարման, հաշվապահության և աուդիտի, միջազգային տնտեսական կառույցների և հարակից այլ ոլորտներում։
Ֆակուլտետը համագործակցում է ինչպես ՀՀ կենտրոնական բանկի, այնպես էլ մի շարք առևտրային բանկերի, նախարարությունների և այլ կազմակերպությունների հետ, որտեղ ուսանողները մասնագիտական պարտադիր պրակտիկա են անցնում՝ ստանալով համալսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան