- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Հայ բանասիրության ֆակուլտետ
- Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն
Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն
Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնը, որը գրականագիտության զարգացման հիմնական օջախն է, համալսարանում հնագույններից է։
Հայ գրականության պատմության ամբիոն անվանումով այն գործել է 1929 թվականից։ Այստեղ աշխատել են Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Սիմեոն Հակոբյանն ու շատ այլ ճանաչված գիտնականներ, որոնք մշակել և դասավանդել են ամբիոնի հիմնական առարկաները։ Տասնամյակների ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթների շնորհիվ ամբիոնը դարձել է գործնական հայագիտության, Հայաստանի և Սփյուռքի կրթական ու գիտական հաստատությունների համար գրականագետներ, հայ գրականության ուսուցիչներ պատրաստող գլխավոր դարբնոցներից մեկը։
2022 թ. Հայ գրականության պատմության ամբիոնին է միավորվել Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնը, որը հիմնադրվել է 1972 թվականին՝ Գրականության տեսության և գեղագիտության ամբիոն անվանումով. նրա հիմնադիր վարիչը 1972-1986 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանը։ 1982 թ․ միանալով Արտասահմանյան գրականության ամբիոնին՝ այն վերանվանվել է Արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոն, որը 1986 թվականից ղեկավարել է բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: 2007 թ․ կրկին վերափոխվել են ամբիոնի ուղղությունն ու անվանումը. այն վերանվանվել է Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն, որի ղեկավարությունը 2007-2015 թթ. ստանձնել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, իսկ 2015 թվականից՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Ջրբաշյանը։
2022 թվականից Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։ Ամբիոնի դասախոսները հայտնի անուններ են հանրապետությունում. նրանց մի մասը Հայաստանի գրողների միության անդամ է, դպրոցական ու բուհական դասագրքերի կամ ձեռնարկների հեղինակ, զբաղվում է գրական քննադատությամբ։
Փորձառու մանկավարժ-գիտնականների ձեռքով գրվել և գրվում են գիտական ու մեթոդական աշխատություններ, որոնք ապահովում են տասնամյակներով մշակված գիտական ավանդների և հայագիտության զարգացման շարունակականությունը:
Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտական նստաշրջաններ (այդ թվում՝ միջազգային), որոնցում հանդես են գալիս և´ ավագ, և´ երիտասարդ սերնդի դասախոսները` իրենց ավանդը ներդնելով հայ գրականության ուսումնասիրության գործում։
Այսօր ամբիոնում մշտապես աշխատանքներ են տարվում գիտական սեմինարների կազմակերպման, կրթական ծրագրերի կատարելագործման և նոր կադրերի պատրաստման ուղղությամբ: Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի գիտական և մանկավարժական գործունեության ուղղություններն են՝
- հայ ժողովրդական բանահյուսություն,
- հայ հին և միջնադարյան գրականություն,
- հայ նոր գրականություն,
- գրականության տեսություն,
- հայ գրականագիտության պատմություն։
Ամբիոնն սպասարկում է «Հայոց լեզու և գրականություն» բակալավրիատական և մագիստրոսական (առկա և հեռակա) կրթական ծրագրերը, ինչպես նաև «Հայ գրականություն» մագիստրոսական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Ամբիոնի պատվավոր վարիչ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով