Ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված հայագիտական հանրապետական գիտաժողով։ Այն մեկնարկեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, շարունակվեց Երևանի պետական համալսարանում և իր տրամաբանական ավարտն ունեցավ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում։ Եռօրյա բոլոր նիստերն էլ անցան գիտական պատշաճ մակարդակով․ կարդացվեցին լրջմիտ զեկուցումներ, տարբեր դիտանկյուններից արժևորվեց հայ նոր գրականության հիմնադրի գրական ժառանգությունը, մեկ անգամ ևս փաստվեցին հայոց մեծագույն և ամենաողբերգական զավակներից մեկի՝ Խաչատուր Աբովյանի ստեղծագործության վերժամանակյա բնույթն ու խորը արդիականությունը։
Գիտաժողովի երկրորդ նստաշրջանը կայացավ նոյեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում։ Բացելով գիտական նստաշրջանը՝ ֆակուլտետի դեկան, դոցենտ Արշալույս Գալստյանը ողջույնի ջերմ խոսք ասաց նիստի մասնակիցներին և համառոտ բնութագրեց Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործը։
Այնուհետև ակադեմիկոս Հր․ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալ․ Մակարյանը հանգամանորեն ներկայացրեց «Վերք Հայաստանի․ Ողբ հայրենասիրի» պատմավեպի խորհուրդն ու ներքին շերտերը՝ այդ համատեքստում շեշտադրելով աբովյանական իմաստուն դասերը։
Ուշագրավ էր նաև հայ նորագույն գրականության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, դոցենտ Ս․ Գրիգորյանի՝ «Շարլոտտա Շուլցի կերպարը Խ․ Աբովյանի «Դորպատյան օրագրերում» և Ե․ Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմում» թեմայով զեկուցումը։
Բանասիրության դոկտոր Ս․ Հովհաննիսյանի ելույթը նվիրված էր Խ. Աբովյանի գրապատմական դերի արժևորման թումանյանական ուղուն։ Ելույթ ունեցան նաև դոցենտներ Ն․ Դիլբարյանը, Ս․ Սրապիոնյանը, Ա․ Ափինյանը, բանասիրության թեկնածուներ Ն․ Սարգսյանը, Ա․ Սողոյանը և Խ․ Աբովյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Ա․ Ստամբոլցյանը։
Եռօրյա գիտաժողովի ընթացքում ընթերցված զեկուցումներն անուրանալի ներդրում են գրականագիտության մեջ և կարող են խթան հանդիսանալ աբովյանագիտության հետագա զարգացման համար։